ՍԱՂՄՈՍՆԵՐ 37 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՉարի և բարու վիճակը Դավթի (սաղմոս)։ 1 Մի՛ բարկացիր չարերի վրա, մի՛ նախանձիր անօրենություն գործողներին, 2 Որովհետև նրանք շուտով կտրվելու են խոտի պես և թառամելու են կանաչ խոտի նման։ 3 Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։ 4 Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։ 5 Տիրո՛ջը հանձնիր քո ճանապարհը և վստահի՛ր նրան, և նա ամեն ինչ կտնօրինի։ 6 Եվ լույսի նման դուրս կհանի քո արդարությունը և քո իրավունքը՝ կեսօրվա պես։ 7 Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը. մի՛ բարկացիր այն մարդու վրա, որ իր չար խորհուրդներն է կատարում, և նրա ճանապարհը հաջողվում է։ 8 Դադարի՛ր բարկությունից և թո՛ղ զայրույթդ, մի՛ բորբոքվիր, որ չարություն չգործես, 9 Որովհետև չարերը կոչնչանան, բայց Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը։ 10 Դեռ մի քիչ ժամանակ էլ, և ամբարիշտը չի լինի, և երբ որ նայես նրա տեղին, նա այլևս չի լինի։ 11 Բայց խոնարհները ժառանգելու են երկիրը և ուրախանալու են առատ խաղաղությամբ։ 12 Ամբարիշտը չար է մտածում արդարի դեմ և իր ատամները կրճտացնում է նրա վրա։ 13 Տերը ծիծաղում է նրա վրա, որովհետև տեսնում է, որ նրա օրը եկել է։ 14 Ամբարիշտները հանում են սուրը և լարում իրենց աղեղները, որ ցած գցեն խեղճին ու աղքատին և սպանեն ուղիղ վարքով ապրողներին։ 15 Բայց նրանց սուրը իրենց սիրտը կմտնի, և նրանց աղեղները կփշրվեն։ 16 Արդարի քիչն ավելի լավ է, քան շատ ամբարիշտների ճոխությունը։ 17 Որովհետև ամբարիշտների բազուկները կփշրվեն, իսկ արդարներին հաստատ է պահում Տերը։ 18 Տերը գիտի արդարների օրերը, և նրանց ժառանգությունը հավիտյան է լինելու։ 19 Նրանք չեն ամաչելու չար ժամանակներում և սովի օրերին կշտանալու են։ 20 Որովհետև ամբարիշտները կկորչեն, և Տիրոջ թշնամիները կոչնչանան, ինչպես արտերի պարարտությունը. պիտի սպառվեն ծխի նման։ 21 Ամբարիշտը փոխ է վերցնում և չի վճարում, բայց արդարը ողորմած է և փոխ է տալիս։ 22 Որովհետև Տիրոջից օրհնվածները ժառանգելու են երկիրը, իսկ նրանից անիծվածները կոչնչանան։ 23 Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։ 24 Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից։ 25 Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող։ 26 Արդարը միշտ ողորմած է և փոխ է տալիս, և օրհնված է նրա զավակը։ 27 Հե՛տ քաշվիր չարից ու բարի՛ք արա և հավիտյան կմնաս։ 28 Որովհետև Տերն իրավունք է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա։ 29 Արդարները ժառանգելու են երկիրը և հավիտյան բնակվելու են նրա վրա։ 30 Արդարի բերանն իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում։ 31 Իր Աստծու օրենքն իր սրտում է. նրա քայլերը չեն տատանվելու։ 32 Ամբարիշտը հսկում է արդարին և փնտրում է, որ սպանի նրան։ 33 Բայց Տերն արդարին չի թողնի ամբարիշտի ձեռքին, և երբ արդարին դատի տանեն, չի թողնի, որ նրան դատապարտեն։ 34 Սպասի՛ր Տիրոջը և պահի՛ր նրա ճանապարհը, և նա կբարձրացնի քեզ, որ ժառանգես երկիրը և տեսնես ամբարիշտներին իրենց ոչնչանալու ժամանակ։ 35 Ես ամբարիշտին տեսա գոռոզ և տեղը հաստատ, ինչպես ճյուղատարած դալար ծառ։ 36 Բայց նա անցավ. ահա նա այլևս չկա. փնտրեցի նրան, և չգտնվեց։ 37 Նայի՛ր արդարին և տե՛ս ուղիղ մարդուն. այսպիսի մարդու վերջը խաղաղություն է։ 38 Իսկ անիրավները միասին պիտի ոչնչանան. ամբարիշտների վերջը կորուստ է։ 39 Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ նա է նրանց ապաստանը։ 40 Տերը կօգնի նրանց և կազատի նրանց. նրանց կազատի ամբարիշտներից և կփրկի նրանց, որովհետև իրենց հույսը դրել են նրա վրա։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia