ՍԱՂՄՈՍՆԵՐ 26 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԲարի մարդու աղոթքը Դավթի (սաղմոս)։ 1 Ո՜վ Տեր, արդար դա՛տ արա ինձ, որովհետև ես գնացի անարատությամբ և հուսացի Տիրոջը. ես չեմ սասանվելու։ 2 Փորձի՛ր ինձ, Տե՛ր, և քննի՛ր ինձ. փորձի՛ր իմ միտքը և իմ սիրտը։ 3 Որովհետև իմ աչքի առջև է քո ողորմությունը, և ես գնում եմ քո ճշմարտության մեջ։ 4 Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում և չեմ ընկերանում կեղծավորների հետ։ 5 Ես ատում եմ չարերի հավաքույթը. չեմ նստում ամբարիշտների հետ։ 6 Ձեռքերս լվանում եմ անմեղությամբ և պտույտ եմ տալիս քո սեղանի շուրջը, ո՜վ Տեր, 7 Որ հնչեցնեմ գոհության երգը և պատմեմ քո բոլոր սքանչելիքները։ 8 Ո՜վ Տեր, ես սիրում եմ քո բնակության տունը և քո փառքի բնակվելու տեղը։ 9 Մի՛ կորցրու իմ անձը մեղավորների հետ և իմ կյանքը՝ արյունահեղ մարդկանց հետ, 10 Քանի որ նրանց ձեռքում անիրավություն կա, և նրանց աջը լցված է կաշառքով։ 11 Բայց ես գնում եմ անարատությամբ. փրկի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ։ 12 Իմ ոտքը կանգնած է պարկեշտության մեջ, և Տիրոջը պիտի օրհնեմ ժողովուրդների մեջ։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia