ՍԱՂՄՈՍՆԵՐ 25 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱռաջնորդության և ապահովության աղոթք Դավթի սաղմոս։ 1 Ո՜վ Տեր, դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։ 2 Աստվա՛ծ իմ, քեզ հուսացի, թող չամաչեմ. թող իմ թշնամիները չուրախանան ինձ վրա։ 3 Բոլոր քեզ սպասողները թող չամաչեն, այլ պիտի ամաչեն զուր տեղը անօրենություն գործողները։ 4 Ցո՛ւյց տուր ինձ, ո՜վ Տեր, քո ճանապարհները, սովորեցրո՛ւ ինձ քո գնալու ուղիները։ 5 Առաջնորդի՛ր ինձ քո ճշմարտության մեջ և սովորեցրո՛ւ ինձ, որ դու ես իմ փրկության Աստվածը. քեզ եմ սպասել ամեն օր։ 6 Հիշի՛ր, ո՜վ Տեր, քո գթությունն ու ողորմությունը, որովհետև դրանք հավիտենական են։ 7 Մի՛ հիշիր իմ մանկության մեղքերը և իմ հանցանքները, այլ հիշի՛ր ինձ քո ողորմությամբ՝ ըստ քո բարության, ո՜վ Տեր։ 8 Բարի և ուղիղ է Տերը. դրա համար էլ մեղավորներին սովորեցնում է ճանապարհը։ 9 Հեզերին նա առաջնորդում է իրավունքի մեջ և իր ճանապարհը սովորեցնում է հեզերին։ 10 Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմություն են և ճշմարտություն նրա ուխտն ու պատվիրանը պահողների համար։ 11 Ո՜վ Տեր, քո անվան համար քավի՛ր իմ անօրենությունը, որ շատ է։ 12 Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից. նա նրան պիտի սովորեցնի այն ճանապարհը, որ ընտրելու է։ 13 Նրա անձը պիտի բնակվի բարության մեջ, և նրա սերունդը պիտի ժառանգի երկիրը։ 14 Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որոնք վախենում են նրանից, և իր ուխտը սովորեցնում է նրանց։ 15 Իմ աչքերը միշտ Տիրոջն են նայում, որովհետև նա պիտի իմ ոտքերը հանի որոգայթից։ 16 Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, քանզի մենակ և տառապյալ եմ ես։ 17 Սրտիս նեղությունները շատ են. հանի՛ր ինձ իմ վշտերից։ 18 Տե՛ս իմ տառապանքն ու իմ ցավը և ների՛ր իմ բոլոր մեղքերը։ 19 Նայի՛ր իմ թշնամիներին. որքա՜ն շատ են և բուռն ատելությամբ ատում են ինձ։ 20 Պահի՛ր իմ անձը և փրկի՛ր ինձ, թող որ չամաչեմ, որովհետև քեզ եմ ապավինել։ 21 Թող անարատությունը և ուղղամտությունը պահեն ինձ, որովհետև քեզ եմ սպասում։ 22 Ո՜վ Աստված, փրկի՛ր Իսրայելին իր բոլոր նեղություններից։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia