ՍԱՂՄՈՍՆԵՐ 20 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱղոթք հաղթանակի համար Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։ 1 Տերը թող պատասխան տա քեզ նեղության օրը, և Հակոբի Աստծու անունը պաշտպանի քեզ։ 2 Թող նա քեզ օգնություն ուղարկի սրբարանից և Սիոնից զորացնի քեզ։ 3 Թող նա հիշի քո բոլոր ընծաները և ընդունի քո ողջակեզները։ (Սելա) 4 Թող նա քո սրտի ուզածի պես քեզ տա և կատարի քո բոլոր խորհուրդները։ 5 Թող ցնծանք քո փրկությամբ և դրոշակ բարձրացնենք մեր Աստծու անունով. թող Տերը կատարի քո բոլոր խնդրանքները։ 6 Հիմա իմացա, որ Տերը փրկում է իր օծյալին և լսում է նրան իր սուրբ երկնքից՝ իր աջի փրկության զորությամբ։ 7 Ոմանք կառքերին և ոմանք էլ ձիերին են ապավինում, բայց մենք պիտի ապավինենք մեր Տեր Աստծու անվանը։ 8 Նրանք թեքվեցին և ցած ընկան, բայց մենք վեր կացանք և կանգնեցինք։ 9 Տե՛ր, փրկի՛ր թագավորին և լսի՛ր մեզ, երբ կանչենք։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia