ՍԱՂՄՈՍՆԵՐ 17 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱնմեղ մարդու աղոթքը Դավթի աղոթք։ 1 Ո՜վ Տեր, լսի՛ր արդար դատը, ակա՛նջ դիր աղաղակիս և ունկնդրի՛ր իմ աղոթքը, որ նենգ շրթունքներից չէ։ 2 Իմ դատաստանը թող քեզնից գա. քո աչքերը թող տեսնեն ուղղամտությունը։ 3 Դու փորձեցիր իմ սիրտը և քննեցիր գիշերվա մեջ. դու կրակով հալեցիր ինձ և անիրավություն չգտար ինձանում. ես իմ մտքում դրել եմ, որ իմ բերանը օրինազանց չլինի։ 4 Մարդկանց գործերի մեջ, ըստ քո շուրթերի խոսքի, զգույշ եմ մնում բռնություն գործող մարդկանց ճանապարհներից։ 5 Հաստատի՛ր իմ քայլերը քո ճանապարհի մեջ, որ իմ ոտքերը չսայթաքեն։ 6 Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ո՜վ Աստված, ականջդ դարձրո՛ւ դեպի ինձ, լսի՛ր իմ խոսքերը։ 7 Ցո՛ւյց տուր քո մեծ սերը, դու, որ քո աջով փրկում ես քեզ ապավինողներին իրենց թշնամիներից։ 8 Պահի՛ր ինձ աչքի բբի պես և քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ 9 Այն ամբարիշտներից, որոնք տառապանք են տալիս ինձ, իմ անձի թշնամիներից, որոնք չորս կողմից պաշարում են ինձ։ 10 Նրանք փակում են իրենց պարարտ սիրտը և իրենց բերանով ամբարտավանությամբ են խոսում։ 11 Հիմա մեր ընթացքի չորս կողմից շրջապատում են մեզ և հառել են իրենց աչքերը՝ մեզ գետին գցելու համար։ 12 Նրանք նման են առյուծի, որ ցանկանում է հոշոտել, և առյուծի ձագի, որ դարան է նստել։ 13 Վե՛ր կաց, Տե՛ր, ա՛ռ նրա առաջը, գետի՛ն գցիր նրան և ամբարիշտների ձեռքից ինձ ազատի՛ր քո սրով։ 14 Քո ձեռքով, ո՜վ Տեր, փրկի՛ր մարդկանցից, այս աշխարհի մարդկանցից, որոնց բաժինն այս կյանքում է. նրանց փորը լցնում ես գանձերով, և նրանց որդիներն էլ են կշտացած և մնացածը թողնում են իրենց երեխաներին։ 15 Իսկ ես արդարությամբ պիտի տեսնեմ քո երեսը, և երբ արթնանամ, պիտի կշտանամ քո կերպարանքից։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia