ՍԱՂՄՈՍՆԵՐ 16 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՎստահության աղոթք Դավթի երգ։ 1 Պահի՛ր ինձ, ո՜վ Աստված, որովհետև քեզ եմ ապավինել։ 2 Տիրոջն ասացի. «Դու ես իմ Տերը. առանց քեզ բարիք չունեմ»։ 3 Երկրի մեծափառ սրբերի վրա է իմ ամբողջ հաճությունը։ 4 Պիտի շատանան նրանց ցավերը, որոնք վազում են օտար աստծու հետևից. ես թափված արյան ընծաներ չեմ մատուցի և ոչ էլ նրանց անունները կառնեմ իմ շրթունքների վրա։ 5 Տերն է իմ ժառանգության և իմ բաժակի բաժինը. դու հաստատ ես պահում իմ բաժինը։ 6 Ինձ վիճակ ընկավ ցանկալի տեղանքը, և այս ժառանգությունը հաճելի է ինձ։ 7 Ես պիտի փառաբանեմ Տիրոջը, որ խրատ է տալիս ինձ, և գիշերն էլ հորդորում է ինձ իմ սիրտը։ 8 Ես ամեն ժամանակ Տիրոջը դրեցի իմ առջև, որովհետև նա իմ աջ կողմում է. ես չեմ սասանվի։ 9 Իմ սիրտն ուրախ է դրա համար, և ցնծում է իմ անձը. և մարմինս էլ հույսով պիտի հանգստանա, 10 Որովհետև իմ անձը չես թողնի գերեզմանում և քո հավատարիմին ապականություն տեսնել չես տա։ 11 Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. քո առաջ ուրախությունների լիություն կա, և քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia