ՍԱՂՄՈՍՆԵՐ 148 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱստծուն փառավորելու տիեզերական կոչ Ալելուիա։ 1 Օրհներգեցե՛ք Տիրոջը երկնքից. օրհներգեցե՛ք նրան բարձունքներից։ 2 Օրհներգեցե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր հրեշտակներ, օրհնեցե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր զորքեր։ 3 Օրհներգեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, օրհներգեցե՛ք նրան, բոլոր լուսավո՛ր աստղեր։ 4 Օրհներգեցե՛ք նրան, երկինքների երկինքնե՛ր, և դուք, ջրե՛ր, որ երկնքի վրա եք։ 5 Թող օրհնեն Տիրոջ անունը, որովհետև նա հրամայեց, և նրանք ստեղծվեցին։ 6 Եվ նրանց հաստատեց հավիտյանս հավիտենից. կանոն դրեց, որ չի խափանվի։ 7 Օրհներգեցե՛ք Տիրոջը երկրից, ո՛վ վիշապներ և բոլոր անդունդներ. 8 Կրակ և կարկո՛ւտ, ձյուն և ծո՛ւխ, մրրկահո՛ղմ, դուք, որ կատարում եք նրա խոսքը, 9 Լեռնե՛ր և բոլոր բլուրնե՛ր, պտղաբե՛ր ծառեր և բոլոր մայրի՛ ծառեր, 10 Կենդանինե՛ր, բոլոր անասուննե՛ր, սողուննե՛ր և թևավո՛ր թռչուններ, 11 Երկրի թագավորնե՛ր և բոլոր ազգե՛ր, իշխաննե՛ր և երկրի բոլոր դատավորնե՛ր, 12 Երիտասարդնե՛ր և աղջիկնե՛ր, ծերե՛ր և նրանց հետ՝ տղանե՛ր. 13 Թող օրհներգեն Տիրոջ անունը, որովհետև միայն նրա անունն է բարձր. նրա փառքն է վեր երկնքից և երկրից։ 14 Նա բարձրացրեց իր ժողովրդի եղջյուրը, իր բոլոր սրբերի, Իսրայելի որդիների՝ իրեն մոտիկ ժողովրդի օրհներգությունը։ Ալելուիա՜։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia