ՍԱՂՄՈՍՆԵՐ 145 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՓառաբանության երգ Դավթի օրհնաբանություն։ 1 Պիտի բարձրացնեմ քեզ, ո՛վ իմ Աստված, ո՛վ Թագավոր, և պիտի օրհնեմ քո անունը հավիտյանս հավիտենից։ 2 Ամեն օր պիտի օրհնեմ քեզ և քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից։ 3 Մեծ է Տերը և հույժ գովելի, և չափ չկա նրա մեծությանը։ 4 Սերունդը սերնդին պիտի գովի քո գործերը, և պիտի պատմեն քո զորությունները։ 5 Քո փառավոր մեծության գեղեցկության մասին և քո հրաշալի գործերի մասին պիտի ես մտածեմ։ 6 Քո ահավոր զորության մասին պիտի խոսեն, և ես պիտի պատմեմ քո մեծությունը։ 7 Քո մեծ բարության հիշատակը պիտի հրապարակեն և ցնծությամբ պիտի պատմեն քո մեծության մասին։ 8 Ողորմած և գթած է Տերը, համբերատար է և բազումողորմ։ 9 Բարի է Տերը բոլորի համար, և նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում։ 10 Տե՛ր, քո բոլոր գործերը քեզ պիտի գովաբանեն, և քո սրբերը պիտի օրհնեն քեզ։ 11 Քո թագավորության փառքի մասին պիտի խոսեն և պիտի պատմեն քո զորությունները, 12 Որպեսզի մարդկանց որդիներին իմացնեն նրա զորությունները և նրա թագավորության փառավոր մեծությունը։ 13 Քո թագավորությունը հավիտենական թագավորությունն է, և քո իշխանությունը՝ սերնդից սերունդ։ 14 Տերը հաստատ է պահում ցած ընկնողներին և կանգնեցնում է բոլոր կռացածներին։ 15 Բոլորի աչքերը քեզ են սպասում, և դու նրանց կերակուրը տալիս ես իրենց ժամանակին։ 16 Դու բացում ես քո ձեռքը և հաճությամբ կշտացնում ես ամեն կենդանու։ 17 Տերն արդար է իր բոլոր ճանապարհների մեջ և ողորմած է իր բոլոր գործերում։ 18 Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։ 19 Նա կատարում է իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց։ 20 Տերը պահում է բոլոր իրեն սիրողներին, բայց պիտի կորցնի բոլոր ամբարիշտներին։ 21 Իմ բերանը պիտի խոսի Տիրոջ օրհնությունը, և ամեն մարմին պիտի օրհնի նրա սուրբ անունը հավիտյանս հավիտենից։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia