ՍԱՂՄՈՍՆԵՐ 142 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱղոթք օգնության համար Դավթի երգ. աղոթք, երբ նա քարայրում էր։ 1 Ես իմ ձայնով աղաղակում եմ Տիրոջը, իմ ձայնով աղաչում եմ Տիրոջը։ 2 Իմ հառաչանքը թափում եմ նրա առջև, իմ նեղությունը պատմում եմ նրա առջև։ 3 Երբ հոգիս մաշվում է իմ մեջ, դու այն ժամանակ ճանաչում ես իմ ընթացքը. այն ճանապարհի մեջ, որով գնում եմ, որոգայթ լարեցին իմ դեմ։ 4 Նայի՛ր աջ կողմը և տե՛ս. չկա մեկը, որ ինձ ճանաչի. ապաստանը կորավ ինձ համար. չկա մեկը, որ հոգ տանի իմ անձի համար։ 5 Տե՛ր, քեզ եմ աղաղակում և ասում. «Դու ես իմ հույսը և իմ բաժինը ողջերի երկրում»։ 6 Ակա՛նջ դիր իմ աղաղակին, որովհետև ես շատ խեղճ եմ, փրկի՛ր ինձ իմ հալածիչներից, որովհետև ինձնից զորավոր են։ 7 Իմ անձը հանի՛ր բանտից, որ քո անվանը գոհություն մատուցեմ. արդարները կշրջապատեն ինձ, երբ ինձ բարություն անես։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia