ՍԱՂՄՈՍՆԵՐ 139 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱստծու կատարյալ գիտությունը և հոգածությունը Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։ 1 Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։ 2 Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները։ 3 Քննում ես իմ գնալն ու պառկելը և գիտես իմ բոլոր ճանապարհները, 4 Որովհետև դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա, ո՜վ Տեր, դու բոլորը գիտես։ 5 Ինձ շրջապատում ես իմ հետևից ու առջևից և քո ձեռքը դրել ես ինձ վրա։ 6 Այս գիտությունը շատ զարմանալի է ինձ համար, բարձր է, չեմ կարողանում հասնել նրան։ 7 Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։ 8 Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես։ 9 Եթե արշալույսի թևերն առնեմ և բնակվեմ ծովի վերջին ծայրերին, 10 Այնտեղ էլ քո ձեռքն է առաջնորդելու ինձ, և քո աջն է բռնելու ինձ։ 11 Եթե ասեմ. «Թող խավարն ինձ ծածկի», այն ժամանակ գիշերն էլ լույս կդառնա իմ շուրջը։ 12 Մութն էլ խավար չէ քեզ համար, գիշերն էլ լույս է ցերեկի պես, խավարն էլ լույսի պես է քեզ համար։ 13 Որովհետև դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ 14 Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել։ 15 Իմ ոսկորները չծածկվեցին քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը, և ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։ 16 Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար։ 17 Որքա՜ն պատվական են ինձ համար քո խորհուրդները, ո՜վ Աստված, որքա՜ն մեծ է նրանց թիվը։ 18 Եթե հաշվեմ դրանք, ավազից շատ են. երբ արթնանում եմ, դեռ քեզ հետ եմ։ 19 Երանի՜ սպանես ամբարիշտներին, ո՜վ Աստված, և դուք, ո՛վ արյունահեղ մարդիկ, հեռացե՛ք ինձնից։ 20 Նրանք նենգությամբ քեզ հակառակ են խոսում, և քո թշնամիները սուտ երդվում են քո անվամբ։ 21 Ես չե՞մ ատում քեզ ատողներին, ո՜վ Տեր, և քո դեմ ապստամբողներից չե՞մ զզվում։ 22 Լիակատար ատելությամբ ատում եմ նրանց. նրանք դարձել են իմ թշնամիները։ 23 Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները. 24 Եվ տե՛ս, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia