ՍԱՂՄՈՍՆԵՐ 138 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՇնորհակալության աղոթք Դավթի (սաղմոս)։ 1 Իմ ամբողջ սրտով պիտի գոհանամ քեզնից, աստվածների առջև սաղմոս պիտի ասեմ քեզ։ 2 Երկրպագություն պիտի անեմ քո սուրբ տաճարի առջև և գոհություն պիտի մատուցեմ քո անվանը քո ողորմության համար և քո ճշմարտության համար, որովհետև դու քո ամեն անունից քո խոսքը բարձրացրիր։ 3 Այն օրը, երբ կանչեցի քեզ, պատասխանեցիր ինձ. դու ինձ զորությամբ ուժեղացնում ես իմ անձի մեջ։ 4 Տե՛ր, երկրի բոլոր թագավորները պիտի գոհանան քեզնից, որովհետև լսեցին քո բերանի խոսքերը։ 5 Եվ Տիրոջ ճանապարհների մեջ օրհնություն պիտի ասեն՝ Տիրոջ փառքը մեծ է։ 6 Որովհետև Տերը բարձր է, բայց տեսնում է խոնարհին, և հեռվից նա ճանաչում է բարձրամիտին։ 7 Եթե նեղության մեջ ընկնեմ, պիտի ապրեցնես ինձ, պիտի մեկնես քո ձեռքը իմ թշնամիների բարկության վրա, և քո աջը պիտի փրկի ինձ։ 8 Տերը պիտի կատարի իմ փոխարեն. Տե՛ր, հավիտյան է քո ողորմությունը. քո ձեռքի գործերը աչքից մի՛ գցիր։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia