ՍԱՂՄՈՍՆԵՐ 125 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱստծու ժողովրդի ապահովությունը Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ 1 Տիրոջ վրա հույս դնողները Սիոն սարի պես են, որը չի սասանվում և մնում է հավիտյան։ 2 Ինչպես Երուսաղեմի չորս կողմը սարեր կան, այնպես էլ Տերն իր ժողովրդի չորս կողմն է այսուհետև մինչև հավիտյան։ 3 Որովհետև ամբարիշտների գավազանը չի մնալու արդարների վիճակի վրա, որպեսզի արդարներն իրենց ձեռքերը չձգեն անօրենության։ 4 Տե՛ր, բարի՛ք գործիր նրանց համար, որոնք բարի են և իրենց սրտերով՝ ուղիղ։ 5 Բայց նրանց, որ իրենց ծուռ ճանապարհի մեջ են շեղվում, Տերը կորստյան կմատնի անօրենություն գործողների հետ. թող խաղաղություն լինի Իսրայելին։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia