ՍԱՂՄՈՍՆԵՐ 111 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՓառաբանություն Տիրոջը 1 Ալելուիա՜։ Տիրոջից ամբողջ սրտով պիտի գոհանամ ուղիղների հավաքույթում և ժողովրդի մեջ։ 2 Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են դրանք։ 3 Փառք և գեղեցկություն են նրա գործերը, և նրա արդարությունը մնում է հավիտյան։ 4 Իր հրաշքները հիշատակ դարձրեց իր համար. ողորմած և գթած է Տերը։ 5 Կերակուր տվեց իրենից վախեցողներին. նա հավիտյան հիշում է իր ուխտը։ 6 Իր գործերի զորությունը ցույց տվեց իր ժողովրդին՝ նրանց տալով հեթանոսների ժառանգությունը։ 7 Նրա ձեռքի գործերը ճշմարիտ և արդար են, հավատարիմ են նրա բոլոր պատվիրանները։ 8 Դրանք հաստատված են հավիտյանս հավիտենից և արված են ճշմարտությամբ ու ուղղամտությամբ։ 9 Նա փրկություն ուղարկեց իր ժողովրդին. իր ուխտը պատվիրեց հավիտյան. սուրբ և ահավոր է նրա անունը։ 10 Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. բարի խոհեմություն է բոլոր նրանց համար, ովքեր անում են այն. նրա օրհնությունը մնում է հավիտյան։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia