ՍԱՂՄՈՍՆԵՐ 11 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՎստահություն Տիրոջ հանդեպ Երգողների գլխավորին։ Դավթի (սաղմոս)։ 1 Տիրոջն ապավինեցի. էլ ինչպե՞ս եք ասում իմ անձին, թե՝ «Թռչունի պես ձեր սարե՛րը փախիր»։ 2 Որովհետև ահա ամբարիշտներն աղեղ են լարում և իրենց նետերն են պատրաստում լարի վրա, որ խավարում խփեն նրանց, ովքեր ուղիղ են սրտով։ 3 Եթե հիմքերը քանդվեն, արդարն ի՞նչ պիտի անի։ 4 Տերն իր սուրբ տաճարում է, Տիրոջ գահը երկնքում է, նրա աչքերը տեսնում են, նրա հայացքը քննում է մարդկանց որդիներին։ 5 Տերը քննում է արդարին, բայց նրա անձն ատում է ամբարիշտին և բռնություն սիրողին։ 6 Նա որոգայթներ, կրակ և ծծումբ կտեղա ամբարիշտների վրա, և նրանց բաժակի բաժինը այրող մրրիկ կլինի, 7 Որովհետև Տերն արդար է և արդարություն է սիրում. ուղիղները կտեսնեն նրա երեսը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia