ՍԱՂՄՈՍՆԵՐ 1 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՃշմարիտ երջանկությունը 1 Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, 2 Այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։ 3 Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան։ 4 Այսպես չեն ամբարիշտները, այլ նման են հարդի շյուղի, որ ցրիվ է տալիս քամին։ 5 Սրա համար ամբարիշտները չեն կարող կանգնել դատաստանի մեջ, և ոչ էլ մեղավորները՝ արդարների ժողովում, 6 Որովհետև Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամբարիշտների ճանապարհը պիտի կորչի։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia