ՈՎՍԵԵ 3 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՈվսեեն և անհավատարիմ կինը 1 Եվ Տերն ասաց ինձ. «Նորից գնա՛, մի շնացող կնո՛ջ սիրիր՝ ընկերոջից սիրված, ինչպես որ Տերը սիրում է Իսրայելի որդիներին, նույնիսկ երբ նրանք դեպի ուրիշ աստվածներ են դառնում և չամիչով կարկանդակներ են սիրում»։ 2 Եվ ես նրան ինձ համար առա տասնհինգ արծաթով և մեկուկես քոռ գարիով։ 3 Եվ ասացի նրան. «Շատ օրեր կապրես ինձ հետ, չես պոռնկանա և մարդու չես մոտենա, իսկ ես էլ նույնպես քո նկատմամբ»։ 4 Որովհետև Իսրայելի որդիները շատ օրեր պիտի ապրեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհի և առանց կոթողի, առանց եփուդի և թերափիմի։ 5 Ապա Իսրայելի որդիները պիտի դառնան և փնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և իրենց Դավիթ թագավորին, դողալով պիտի մոտենան Տիրոջը և նրա բարությանը՝ վերջին օրերին։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia