ՈՎՍԵԵ 1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Տիրոջ խոսքը, որ հասավ Բեերիի որդի Ովսեեին՝ Հուդայի թագավորների՝ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամի օրերին։ 2 Երբ սկզբում Տերը Ովսեեի հետ խոսեց, Տերն Ովսեեին ասաց. «Գնա՛, քեզ համար պոռնկաբարո մի կին և պոռնկության որդինե՛ր առ, որովհետև երկիրը հույժ պոռնկացել է՝ Տիրոջից հեռանալով»։ 3 Եվ նա գնաց ու առավ Դաբելայիմի դուստր Գոմերին։ Նա հղիացավ ու նրա համար մի որդի ծնեց։ Եվ Տերն ասաց. 4 «Նրա անունը Հեզրայե՛լ դիր, որովհետև քիչ ժամանակ անց Հեուի տանը պիտի պատժեմ Հեզրայելի արյան համար և պիտի դադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։ 5 Եվ այդ օրը Իսրայելի աղեղը պիտի կոտրեմ Հեզրայելի հովտում»։ 6 Եվ նա դարձյալ հղիացավ և մի աղջիկ ծնեց։ Եվ Տերն ասաց նրան. «Դրա անունը Լո-րուհամա՛ դիր, որովհետև այլևս չեմ ողորմելու Իսրայելի տանը, որ ներեմ նրանց։ 7 Բայց Հուդայի տանը ողորմելու եմ և նրանց պետք է փրկեմ իրենց Տեր Աստծով և նրանց չեմ փրկելու աղեղով, ո՛չ սրով ու ո՛չ էլ պատերազմով. ո՛չ ձիերով, ո՛չ էլ ձիավորներով»։ 8 Երբ նա կաթից կտրեց Լո-րուհամային, հղիացավ ու մի տղա ծնեց։ 9 Տերն ասաց նրան. «Դրա անունը Լո-ամմի՛ դիր, որովհետև դուք իմ ժողովուրդը չեք, և ես էլ ձեր Աստվածը չեմ լինի։ Իսրայելը պետք է վերահաստատվի 10 Եվ Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի պես պիտի լինի, որ չի չափվում և չի հաշվվում։ Այն վայրում, ուր նրանց ասվեց. “Դուք իմ ժողովուրդը չեք”, նրանց պիտի ասվի. “Կենդանի Աստծու որդիներ”։ 11 Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները պիտի հավաքվեն մեկտեղ և իրենց վրա մի իշխանավոր կարգեն ու դուրս գան երկրից, որովհետև մեծ պիտի լինի Հեզրայելի օրը»։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia