Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՆԱՈՒՄ 2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Նինվեի անկումը

1 Քո դեմ փշրող է գալիս. պահի՛ր պատնեշը, ճանապարհի՛ն նայիր, թիկունքդ պնդացրո՛ւ, ուժերդ հավաքի՛ր։

2 Որովհետև Տերը վերադարձրել է Հակոբի վայելչությունը Իսրայելի վայելչության պես, թեև ավարառուները դատարկել են նրանց և ոչնչացրել նրանց որթատունկի ճյուղերը։

3 Նրա զորավորների վահանը կարմրած է, քաջազունները որդան կարմիրով են զգեստավորված, նրա պատրաստության օրում փայլատակող պողպատ են մարտակառքերը, և ճոճվում են նոճուց նիզակները։

4 Կառքերը փողոցում մոլեգնում են, սուրում են հրապարակներով, նրանց տեսքը ջահերի պես է, կայծակների պես փայլատակում են։

5 Նա հիշում է իր զորավորներին, նրանք գնալիս գլորվում են. շտապում են դեպի նրա պատը, և շարժական պատսպարանը պատրաստվում է։

6 Գետերի դարպասները բացվում են, և պալատը պիտի հալվի։

7 Որոշվեց, որ թագուհին աքսորվի ու գերեվարվի, և նրա աղախինները հառաչում են աղավնիների ձայնով՝ իրենց կուրծքը ծեծելով։

8 Նինվեն ջրերի ավազանի պես էր իր վաղեմի օրերից ի վեր. նրանք փախչում են. «Կանգնեցե՛ք, կանգնեցե՛ք» են ասում, բայց նրանց ուշադրություն դարձնող չկա։

9 Արծա՛թ կողոպտեք, ոսկի՛ կողոպտեք, անսպառ են գանձարանը, ամեն տեսակ ցանկալի սպասքները։

10 Դատարկված ու դատարկ ու թալանված է. սիրտը հալվում, ծնկները դողում են, բոլորի գոտկատեղերն անձկության մեջ են, և բոլորի դեմքը սփրթնում է։

11 Ո՞ւր են առյուծների որջը և կորյունների սննդավայրը, որտեղ արու առյուծն ու մատակ առյուծը պտտում էին, և առյուծի կորյունը, ու վախեցնող չկար։

12 Առյուծն իր կորյուններին բավարարելու չափ պատառոտում էր և խեղդում իր մատակ առյուծների համար. և որսով էր լցնում իր որջերը և իր ապաստարանները՝ բզկտված մսով։

13 «Ահա ես քո դեմ եմ,- ասում է Զորքերի Տերը,- և պիտի ծխով այրեմ նրա մարտակառքերը. սուրը պիտի ուտի քո կորյուններին, և երկրից պիտի բնաջնջեմ քո որսին, և քո պատգամաբերների ձայնն այլևս չպիտի լսվի»։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ