Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՂԵՎՏԱԿԱՆ 12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Կանանց մաքրվելը որդեծնությունից հետո

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մի կին հղիանա և արու զավակ ծնի, նա անմաքուր պիտի լինի յոթ օր. իր դաշտանի օրերի համեմատ անմաքուր պիտի լինի։

3 Ութերորդ օրը ծնված որդու անթլփատության մարմինը պիտի թլփատվի։

4 Երեսուներեք օր կինը պետք է նստած մնա, մինչև որ մաքրվի իր արյունից։ Նա որևէ մաքուր բանի բնավ չպիտի դիպչի, ոչ էլ սրբարան պիտի մտնի, մինչև որ լրանան նրա մաքրվելու օրերը։

5 Բայց եթե նա աղջիկ ծնի, երկու շաբաթ անմաքուր պիտի լինի իր դաշտանի պես։ Եվ վաթսունվեց օր էլ պետք է նստած մնա, մինչև որ մաքրվի արյունից։

6 Երբ տղա կամ աղջիկ զավակի համար սահմանված նրա մաքրվելու օրերը լրանան, թող նա ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ բերի մեկ տարեկան մի գառ ողջակեզի համար և մեղքի զոհի համար աղավնու մի ձագ կամ մի տատրակ։

7 Քահանան թող այն մատուցի Տիրոջ առաջ և քավություն անի նրա համար, և նա իր արյան հոսքից կմաքրվի։ Այս է տղա կամ աղջիկ ծնողի օրենքը։

8 Եթե նա ի վիճակի չլինի գառ բերելու, այն ժամանակ երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ թող առնի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը մեղքի զոհի համար։ Քահանան քավություն կանի նրա համար, և նա մաքուր կլինի”»։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ