Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՂԵՎՏԱԿԱՆ 10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Նադաբի և Աբիուդի մեղքը

1 Ահարոնի որդիները՝ Նադաբն ու Աբիուդը, ամեն մեկը իր բուրվառը վերցնելով, դրանց մեջ կրակ դրեցին, վրան խունկ լցրին և Տիրոջ առաջ օտար կրակ մատուցեցին, որ նա չէր պատվիրել նրանց։

2 Տիրոջ առջևից կրակ դուրս ելավ, այրեց նրանց, և նրանք մեռան Տիրոջ առաջ։

3 Մովսեսն ասաց Ահարոնին. «Սա այն է, որ խոսեց Տերը՝ ասելով. “Ինձ մոտեցողներով պիտի սրբագործվեմ և պիտի փառավորվեմ ամբողջ ժողովրդի առաջ”»։ Ահարոնը լուռ մնաց։

4 Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին՝ Միսայելին և Եղիսափանին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք, ձեր եղբայրներին սրբարանից հանե՛ք և բանակատեղիից դո՛ւրս տարեք»։

5 Նրանք մոտեցան և բանակատեղիից դուրս տարան նրանց՝ շապիկներից բռնած։

6 Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին՝ Եղիազարին և Իթամարին. «Ձեր գլուխները մի՛ բացեք և ձեր հագուստները մի՛ պատառոտեք, որպեսզի չմեռնեք, և բարկություն չիջնի ամբողջ ժողովրդի վրա։ Թող ձեր եղբայրները՝ Իսրայելի ամբողջ տունը, լաց լինեն Տիրոջ արած հրակիզության վրա։

7 Դուք ժողովի վրանի մուտքից դուրս մի՛ եկեք, որպեսզի չմեռնեք, որովհետև Տիրոջ օծության յուղը ձեզ վրա է»։ Եվ նրանք արեցին Մովսեսի խոսքի համաձայն։


Կանոններ քահանաների համար

8 Տերը խոսեց Ահարոնի հետ՝ ասելով.

9 «Տիրոջ ժողովի վրանը մտնելիս գինի և օղի չխմեք, ո՛չ դու և ո՛չ էլ քեզ հետ եղած քո որդիները, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական կանոն թող լինի ձեր սերունդների մեջ,

10 որպեսզի տարբերեք սուրբը պիղծից, մաքուրը անմաքուրից

11 և Իսրայելի որդիներին սովորեցնեք այն բոլոր կանոնները, որոնց մասին Տերը Մովսեսի միջոցով խոսել է նրանց հետ»։

12 Մովսեսը խոսեց Ահարոնի և նրա ողջ մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի հետ՝ ասելով. «Տիրոջ զոհաբերություններից ավելացած հացի ընծան առե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի մոտ, որովհետև դա ամենասուրբ է։

13 Այն կերե՛ք սուրբ վայրում, որովհետև Տիրոջ զոհաբերություններից քո իրավունքն է և քո որդիների իրավունքը, որովհետև ինձ այդպես է պատվիրված։

14 Դու և քեզ հետ քո որդիներն ու քո աղջիկները մի մաքուր վայրում պիտի ուտեք երերացնելու կուրծքը և բարձրացնելու զիստը, որովհետև Իսրայելի որդիների խաղաղության զոհերից դրանք տրվում են իբրև քո իրավունքը և քո որդիների իրավունքը։

15 Բարձրացնելու զիստը և երերացնելու կուրծքը ճարպի զոհերի հետ թող բերեն Տիրոջ առաջ երերացնելու համար. դրանք կլինեն քոնը և քեզ հետ քո որդիներինը հավիտենական կանոնով, ինչպես որ պատվիրել է Տերը»։

16 Մովսեսը զգուշությամբ փնտրեց մեղքի զոհի նոխազը, բայց այն արդեն այրված էր։ Նա Ահարոնի մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի վրա բարկացավ՝ ասելով.

17 «Ինչո՞ւ սուրբ վայրում չկերաք մեղքի զոհը. որովհետև դա ամենասուրբ է, և Տերը այն տվեց ձեզ, որ վերացնեք ժողովրդի անօրենությունը և քավություն տաք նրան Տիրոջ առաջ։

18 Ահա դրա արյունը սրբարանի ներսը չբերվեց։ Դուք այն պետք է ուտեիք սուրբ վայրում, ինչպես պատվիրել էի ձեզ»։

19 Ահարոնն ասաց Մովսեսին. «Ահա այսօր նրանք իրենց մեղքի զոհը և ողջակեզը մատուցեցին Տիրոջ առաջ, և այսպիսի բաներ պատահեցին, և եթե այսօր ուտեի մեղքի զոհից, դա հաճելի կլինե՞ր արդյոք Տիրոջ աչքին»։

20 Մովսեսը լսեց և հավանեց։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ