Հայտնություն 7 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԵկեղեցին որպես Աստծու ժողովուրդ 1 Դրանից հետո տեսա չորս հրեշտակների, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններում և երկրի չորս քամին բռնած, որպեսզի երկրի վրա քամի չփչի, ո՛չ էլ ծովի վրա, ո՛չ էլ մի ծառի վրա։ 2 Տեսա նաև մեկ այլ հրեշտակի, որ բարձրանում էր արևելքից ու կենդանի Աստծու կնիքն ուներ։ Նա բարձրաձայն աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց երկրին ու ծովին վնասելու իշխանություն էր տրվել։ 3 Եվ ասում էր. «Վնաս մի՛ տվեք երկրին, ո՛չ ծովին և ո՛չ էլ ծառերին, մինչև որ մեր Աստծու ծառաների ճակատներին կնիք դնենք»։ 4 Եվ կնքվածների թիվը լսեցի՝ հարյուր քառասունչորս հազար՝ կնքված Իսրայելի որդիների բոլոր ցեղերից։ 5 Հուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Ռուբենի ցեղից՝ տասներկու հազար, Գադի ցեղից՝ տասներկու հազար, 6 Ասերի ցեղից՝ տասներկու հազար, Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար, Մանասեի ցեղից՝ տասներկու հազար, 7 Շմավոնի ցեղից՝ տասներկու հազար, Ղևիի ցեղից՝ տասներկու հազար, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար, 8 Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար, Հովսեփի ցեղից՝ տասներկու հազար, Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար։ Եկեղեցին որպես ընտրյալների բազմություն 9 Սրանից հետո տեսա. ահա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և Գառան առաջ՝ սպիտակ զգեստներ հագած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին։ 10 Եվ բարձրաձայն աղաղակում էին ու ասում. «Փրկությունը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրա, և Գառանը»։ 11 Եվ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի, երեցների և չորս կենդանիների շուրջը և երեսի վրա ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝ 12 ասելով. «Ամե՛ն. օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, ուժը և զորությունը մեր Աստծուն լինեն հավիտյանս հավիտենից։ Ամեն»։ 13 Եվ երեցներից մեկն ինձ հարցրեց. «Սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքե՞ր են և որտեղի՞ց են եկել»։ 14 Ես նրան ասացի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք են, որ մեծ նեղությունից են գալիս և իրենց զգեստները լվացին ու Գառան արյունով սպիտակեցրին։ 15 Դրա համար Աստծու գահի առաջն են և նրա տաճարում գիշերուզօր նրան են պաշտում, և գահի վրա նստողը հովանի պիտի լինի նրանց վրա։ 16 Այլևս ո՛չ քաղցելու են, ո՛չ էլ ծարավելու, և ո՛չ արևը նրանց վրա կընկնի, ո՛չ էլ տապը, 17 որովհետև Գառը, որ գահի մեջտեղում է, կհովվի նրանց ու կառաջնորդի դեպի կենաց ջրի աղբյուրները, և Աստված կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից»։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia