Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Հայտնություն 20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Հազարամյա թագավորությունը

1 Տեսա երկնքից իջնող մի հրեշտակի, որ անդունդի բանալին ուներ և մի մեծ շղթա իր ձեռքին։

2 Նա բռնեց վիշապին՝ այն առաջին օձին, որ դևն է և սատանան, և հազար տարով կապեց նրան։

3 Նրան գցեց անդունդը, փակեց ու վրան կնիք դրեց, որ այլևս ազգերին չմոլորեցնի, մինչև հազար տարին լրանա. դրանից հետո նա փոքր ժամանակով պետք է արձակվի։

4 Տեսա աթոռներ, որոնց վրա նստողներին դատելու իշխանություն տրվեց, տեսա նաև այն հոգիներին, որոնք գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծու խոսքի համար, և նրանց, որոնք չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա պատկերին և չընդունեցին նրա դրոշմը իրենց ճակատին, ոչ էլ իրենց ձեռքին։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին։

5 Իսկ մնացած մեռելները չկենդանացան, մինչև հազար տարին լրանա։ Սա է առաջին հարությունը։

6 Երանելի և սուրբ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ. նրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի։ Նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները պիտի լինեն և նրա հետ հազար տարի պիտի թագավորեն։


Սատանայի պարտությունը

7 Երբ հազար տարին լրանա, սատանան իր բանտից պիտի արձակվի

8 և պիտի դուրս գա, որ մոլորեցնի երկրի չորս անկյուններում գտնվող ազգերին, Գոգին ու Մագոգին։ Նա նրանց պատերազմի պիտի հավաքի, որոնց թիվը ծովի ավազի չափ է։

9 Եվ պիտի բարձրանան երկրի լայնությամբ և պիտի շրջապատեն սրբերի բանակն ու սիրելի քաղաքը։ Բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց,

10 իսկ դևը՝ նրանց մոլորեցնողը, կրակի ու ծծմբի լիճը գցվեց, որտեղ էին գազանը և սուտ մարգարեն։ Եվ գիշերուզօր պիտի չարչարվեն հավիտյանս հավիտենից։

11 Տեսա մի սպիտակ մեծ գահ ու նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան, և նրանց համար տեղ չգտնվեց։

12 Եվ գահի առաջ կանգնած մեծ ու փոքր մեռելներ տեսա։ Գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կենաց գիրքը։ Եվ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրվածի՝ իրենց գործերի համաձայն։

13 Եվ ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, մահն ու դժոխքը՝ իրենց միջի մեռելներին, և յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։

14 Մահն ու դժոխքը հրե լիճը գցվեցին. սա է երկրորդ մահը։

15 Եվ ով կենաց գրքի մեջ գրված չգտնվեց, նա հրե լիճը գցվեց։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ