Հայտնություն 15 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՎերջին պատուհասները 1 Երկնքում մի ուրիշ մեծ ու զարմանալի նշան տեսա. յոթ հրեշտակների, որոնք ունեին վերջին յոթ պատուհասները, որովհետև Աստծու բարկությունը նրանցով կատարվեց։ 2 Տեսա նաև ապակե ծով՝ կրակի հետ խառնված, և նրանց, ովքեր հաղթեցին գազանին, նրա պատկերին ու նրա անվան թվին, որ կանգնած էին ապակե ծովի վրա և Աստծու քնարներն ունեին։ 3 Եվ երգում էին Աստծու ծառա Մովսեսի երգն ու Գառան երգը՝ ասելով. «Մեծ ու զարմանալի են քո գործերը, Տե՛ր Աստված Ամենակալ (Սաղ. 86.10), արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, ո՛վ ազգերի Թագավոր։ 4 Ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և քո անունը չի փառավորելու, որովհետև միայն դու ես սուրբ, որովհետև բոլոր ազգերը պիտի գան ու քո առաջ պիտի երկրպագություն անեն (Սաղ. 86.9), քանի որ քո դատաստանները հայտնի դարձան»։ 5 Դրանից հետո տեսա, որ երկնքում բացվեց տաճարի վկայության խորանը։ 6 Տաճարից ելնում էին յոթ հրեշտակները, որոնք ունեին յոթ պատուհասները։ Նրանք մաքուր և փայլուն կտավ էին հագել և կրծքին ոսկե գոտիներ կապել։ 7 Այն չորս կենդանիներից մեկը յոթ հրեշտակներին յոթ ոսկե գավաթներ տվեց՝ հավիտյանս հավիտենից կենդանի Աստծու բարկությամբ լի։ 8 Եվ տաճարը լցվեց Աստծու փառքի ու նրա զորության ծխով։ Եվ ոչ ոք չէր կարող տաճար մտնել, մինչև յոթ հրեշտակների յոթ պատուհասները չկատարվեին։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia