ՀՈԲ 35 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Եղիուսը պատասխանեց. 2 «Սա դու իրավո՞ւնք ես համարում, որ ասում ես՝ “Ես Աստծու առաջ արդար եմ”։ 3 Որովհետև ասացիր. “Քեզ ի՞նչ օգուտ ունի, և սրանից ավելի ի՞նչ շահ կա, քան մեղանչելուց”։ 4 Ես քեզ կպատասխանեմ, քո ընկերներին էլ՝ քեզ հետ. 5 Երկնքի՛ն նայիր ու տե՛ս և դիտի՛ր ամպերը, որ քեզանից բարձր են։ 6 Եթե դու մեղանչես, նրա դեմ ի՞նչ արած կլինես, և քո անօրենությունները երբ շատանան, նրան ի՞նչ կանես։ 7 Կամ եթե արդար լինես, ի՞նչ կտաս նրան, կամ նա քո ձեռքից ի՞նչ կստանա։ 8 Քեզ նման մարդուն քո ամբարշտությունը կվնասի, և մարդու զավակին՝ քո արդարությունը։ 9 Հարստահարությունների շատությունից կաղաղակեն, հզորների բազուկից կբողոքեն։ 10 Բայց մեկը չի ասում. “Ինձ ստեղծող Աստված որտե՞ղ է, նա, որ գիշերը երգեր է տալիս. 11 Նա մեզ երկրի անասուններից ավելի գիտուն և երկնքի թռչուններից ավելի իմաստուն է դարձնում։ 12 Այնտեղ աղաղակում են, բայց նա չարերի գոռոզության պատճառով չի պատասխանում”։ 13 Աստված հիրավի ունայն աղաղակը չի լսի, և Ամենակարողը նրան ուշադրություն չի դարձնի։ 14 Թեև դու ասում ես, որ նրան չես տեսնում, սակայն քո դատը նրա առջև է, և դու նրան պիտի սպասես։ 15 Եվ այժմ, քանի որ նրա բարկությունը չի պատժել և անօրենությանը մեծ ուշադրություն չի դարձրել, 16 Հոբը դարձյալ զուր տեղն է իր բերանը բաց անում, առանց հասկանալու իր խոսքերը բազմապատկում»։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia