ՀՈԲ 26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Հոբը պատասխանեց. 2 «Ինչպե՜ս օգնեցիր տկարին, զորացրի՜ր ուժ չունեցողի բազուկը։ 3 Ինչպե՜ս խրատ տվեցիր իմաստուն չեղողին ու մե՜ծ հմտություն սովորեցրիր։ 4 Այդ խոսքերն ո՞ւմ ասացիր, և ո՞ւմ շունչը քեզանից դուրս եկավ։ 5 Ուրվականները երկունքով են բռնվում, ստորին ջրերն ու դրանց բնակիչներն էլ։ 6 Մերկ է դժոխքը նրա առաջ, և մեռելների աշխարհը ծածկոց չունի։ 7 Նա դատարկության վրա հյուսիսն է տարածում և ոչնչի վրա երկիրը կախում. 8 Ջրերն ամպերի մեջ է ծրարում, և ամպերը դրանց տակ չեն պատռվում։ 9 Նա լիալուսնի երեսը ծածկել է, իր ամպը դրա վրա տարածել։ 10 Նա ջրերի երեսին լույսի և խավարի միջև մի շրջանակ է գծել՝ որպես սահման։ 11 Երկնքի սյուները սասանվում են ու նրա հանդիմանությունից ապշում։ 12 Իր զորությամբ ծովն է խաղաղեցնում և իր գիտությամբ Ռահաբին ջարդում։ 13 Իր հոգով երկինքը զարդարեց. նրա ձեռքը փախչող Վիշապին վիրավորեց։ 14 Ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը, և նրա մասին մեր լսածը փսփսուք է, և ո՞վ կարող է նրա զորության որոտումը հասկանալ»։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia