ՀՈԲ 16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Հոբը պատասխանեց. 2 «Ես սրանց նման շատ բաներ եմ լսել. դուք բոլորդ ձանձրալի մխիթարողներ եք։ 3 Դատարկ խոսքերը մի՞թե վերջ ունեն, կամ քեզ ի՞նչն է դրդում, որ պատասխանես։ 4 Ես էլ ձեզ նման կխոսեի, եթե ձեր հոգին իմ հոգու տեղը լիներ. ձեր դեմ խոսքեր կշարադրեի և գլուխս ձեզ վրա կշարժեի։ 5 Ձեզ իմ բերանով կքաջալերեի, և իմ շրթունքների շարժումը կարող էր ձեր ցավերը մեղմել։ 6 Թե խոսեմ էլ՝ ցավս չի փարատվի, և լռեմ էլ՝ ինձանից ի՞նչ կգնա։ 7 Բայց հիմա Աստված ինձ հոգնեցրել է. նա իմ ամբողջ ընտանիքն ամայի է արել։ 8 Դու ինձ խորշոմներով ես պատել. սա վկայություն է դարձել, և իմ նիհարությունն իմ դեմ է վեր կացել, իմ դեմ է վկայում։ 9 Նրա բարկությունը պատառոտում է և իմ դեմ թշնամանում. նա ինձ վրա իր ատամներն է կրճտացնում, իմ թշնամին աչքերն է իմ դեմ սրել։ 10 Ինձ վրա իրենց բերանն են բացել. նախատինքով ծնոտիս են խփում, իմ դեմ են համախմբվել։ 11 Աստված ինձ անզգամին է մատնել և ամբարիշտների ձեռքն է գցել ինձ։ 12 Ես հանգիստ էի, բայց նա ինձ փշուր-փշուր արեց, վզիցս բռնեց ու ջախջախեց ինձ, իր համար նշանակետ դարձրեց ինձ։ 13 Նրա աղեղնավորները շրջապատեցին ինձ. նա իմ երիկամներն է պատառոտում և չի խնայում, լեղիս գետին է թափում։ 14 Նա ինձ պատառում, պատառ-պատառ է անում, մարտիկի պես ինձ վրա է հարձակվում։ 15 Ես իմ մորթի վրա քուրձ կարեցի և իմ եղջյուրը հողի մեջ մտցրի։ 16 Երեսս լաց լինելուց կարմրել է. կոպերիս վրա մահվան ստվեր կա։ 17 Թեև ձեռքերիս մեջ անիրավություն չկա, և աղոթքս մաքուր է, 18 Երկի՛ր, իմ արյունը մի՛ ծածկիր, և իմ աղաղակը թող հանգստանալու տեղ չունենա։ 19 Իմ վկան հենց հիմա էլ ահա երկնքում է, և իմ փաստաբանը բարձրերում է։ 20 Ինձ ծաղրողներն իմ բարեկամներն են. իմ աչքն առ Աստված արտասվում է։ 21 Օ՜, եթե մարդը կարողանար Աստծու առաջ իր իրավունքը պաշտպանել, ինչպես մեկն իր ընկերոջ իրավունքն է պաշտպանում։ 22 Որովհետև այս մի քանի տարիները կվերջանան, ու ես այն ճանապարհով կգնամ, որով ետ չեմ դառնա»։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia