ԺՈՂՈՎՈՂ 8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Իմաստունի պես ո՞վ կա և ո՞վ է խոսքի մեկնությունն իմացողը. մարդու իմաստությունը փայլեցնում է նրա երեսը, և նրա երեսի խստությունը փոխվում է։ Հնազանդվել թագավորին 2 Ես ասում եմ. «Պահի՛ր թագավորի հրամանը, մանավանդ Աստծու առաջ տրված երդման համաձայն։ 3 Մի՛ շտապիր թագավորի առաջից գնալ, մի՛ կանգնիր չար գործի համար, որովհետև նա ամենը, ինչ որ ուզում է, անում է»։ 4 Որովհետև թագավորի խոսքը զորավոր է. նրան ո՞վ կարող է ասել. «Ի՞նչ ես անում»։ 5 Թագավորի պատվիրանը պահողը չարիքի չի հանդիպում, այլ իմաստունի միտքը ժամանակն ու դատելու եղանակը գիտի։ 6 Որովհետև ամեն ինչի համար ժամանակ և դատաստան կա. չէ՞ որ մարդու վրա մեծ չարիք կա։ 7 Որովհետև նա չգիտի, թե ի՛նչ է լինելու և ե՛րբ է լինելու. ո՞վ կարող է հայտնել նրան, թե ինչպե՛ս է լինելու։ 8 Մարդ չկա, որ հոգու վրա իշխի, որ հոգուն արգելի, և մահվան օրվա վրա իշխող չկա, և պատերազմի մեջ ազատում չկա, և անիրավություն գործողը չի ազատվի։ Ամբարիշտը և արդարը 9 Այս բոլորը տեսա և արեգակի տակ եղած բոլոր գործերին միտքս դարձրի. ժամանակ կա, որ մարդ մարդու վրա իշխում է ի վնաս իրեն։ 10 Եվ հետո տեսա, որ անիրավները թաղվեցին. եկած ու գնացած էին սուրբ տեղից, մոռացվեցին այն քաղաքում, ուր որ այսպես էին վարվել. սա էլ է ունայնություն։ 11 Որովհետև չար արարքի վճիռը շուտով չի գործադրվում, սրա համար էլ մարդկանց որդիների սիրտը չարությամբ է լցված։ 12 Թեև մեղավորը հարյուր անգամ չարություն գործի, և իր կյանքը երկարի, այնուամենայնիվ գիտեմ, որ բարօրություն կլինի Աստծուց վախեցողներին, որոնք վախենում են նրա առաջ։ 13 Բայց անիրավին բարօրություն չի լինելու, և իր օրերը չի երկարացնելու ստվերի նման, որովհետև Աստծու երեսից չի վախենում։ 14 Մի ունայնություն կա, որ լինում է երկրի վրա. արդարներ կան, որոնց պատահում է ըստ անիրավների արարքների, և անիրավներ կան, որոնց պատահում է ըստ արդարների արարքների. ասացի, որ սա էլ է ունայնություն։ 15 Եվ ես գովեցի ուրախությունը, որովհետև մարդու համար արեգակի տակ ուտելուց, խմելուց և ուրախանալուց բացի լավ բան չկա, և արեգակի տակ իր կյանքի օրերում, որ Աստված նրան է տվել, սա է նրա հետ գնում իր աշխատանքի մեջ։ 16 Երբ որ միտքս դարձրի իմաստությունը գիտենալու և երկրի վրա կատարվող զբաղումը տեսնելու (որովհետև թե՛ ցերեկը և թե՛ գիշերը նրա աչքը քուն չի տեսնում), 17 Այն ժամանակ Աստծու բոլոր գործերը տեսա, որ մարդը չի կարող հասկանալ այն, ինչ որ կատարվում է արեգակի տակ. որքան էլ մարդը աշխատի փնտրել իմաստը, չի գտնելու. եթե անգամ իմաստունն էլ ասի՝ «Գիտեմ», դարձյալ չի կարող գտնել։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia