ԺՈՂՈՎՈՂ 3 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱմեն բան իր ժամանակն ունի 1 Ամեն բանի ժամանակ կա և ժամանակ՝ երկնքի տակ բոլոր գործերին։ 2 Ծնվելու ժամանակ և մեռնելու ժամանակ. տնկելու ժամանակ և տնկածն արմատախիլ անելու ժամանակ։ 3 Սպանելու ժամանակ և բժշկելու ժամանակ. քանդելու ժամանակ և կառուցելու ժամանակ։ 4 Լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ. սգալու ժամանակ և պարելու ժամանակ։ 5 Քարեր շպրտելու ժամանակ և քարեր հավաքելու ժամանակ. ողջագուրվելու ժամանակ և ողջագուրանքից հեռու մնալու ժամանակ։ 6 Փնտրելու ժամանակ և կորցնելու ժամանակ. պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ։ 7 Պատռելու ժամանակ և կարելու ժամանակ. լռելու ժամանակ և խոսելու ժամանակ։ 8 Սիրելու ժամանակ և ատելու ժամանակ. պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ։ 9 Իր արած աշխատանքից ի՞նչ օգուտ ունի աշխատողը։ 10 Տեսա այն զբաղմունքը, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որպեսզի նրանով զբաղվեն։ 11 Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին, նաև հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում, սակայն մարդը չի կարող սկզբից մինչև վերջը հասկանալ Աստծու արած գործերը։ 12 Գիտեմ, որ մարդկանց համար ուրախ լինելուց և կյանքի ընթացքում բարիք անելուց ավելի լավ բան չկա։ 13 Նաև որ Աստծու պարգևն է, որ ամեն մարդ ուտում-խմում է և վայելում իր ամբողջ աշխատանքը։ 14 Գիտեմ, որ այն ամենը, ինչ որ անում է Աստված, հավիտյան կմնա. հնարավոր չէ նրա վրա ավելացնել կամ նրանից պակասեցնել. Աստված այդ արել է, որ վախենան իրենից։ 15 Ինչ որ կա, արդեն կար, և ինչ որ լինելու է, արդեն եղել է. Աստված անցածն է փնտրում։ Անարդարություն աշխարհում 16 Արեգակի տակ նաև տեսա, որ իրավունքի նստավայրում անիրավություն կար, արդարության նստավայրում՝ անիրավություն։ 17 Ես իմ սրտում ասացի. «Արդարին և անիրավին Աստված դատելու է, որովհետև ամեն ինչի համար ժամանակ կա և ամեն արարքի»։ 18 Ես իմ սրտում ասացի մարդկանց որդիների մասին, որ Աստված փորձում է նրանց, որ տեսնեն, թե իրենք անասուններ են։ 19 Արդարև, մարդկանց որդիների վախճանը և անասունների վախճանը նույնն է։ Ինչպես մեռնում է սա, նույնպես և նա է մեռնում։ Եվ բոլորի շունչը միևնույնն է, և մարդն անասունից ոչ մի առավելություն չունի, որովհետև ամեն բան էլ ունայն է։ 20 Բոլորը նույն տեղն են գնում. ամեն բան հողից է եղել և ամենը հող է դառնալու։ 21 Ո՞վ գիտի, թե մարդկանց որդիների հոգին վեր է գնում, իսկ անասունի հոգին ներքև է գնում՝ գետին։ 22 Ու տեսա, որ ավելի լավ բան չկա, քան որ մարդ ուրախանա իր գործերով, որովհետև նրա բաժինը դա է. քանզի նրան ո՞վ պիտի տանի, որ տեսնի, թե ինչ է լինելու իրենից հետո։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia