ԺՈՂՈՎՈՂ 10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Սատկած ճանճերը գարշահոտ են դարձնում յուղագործի հոտավետ յուղը, նույնպես էլ մի փոքր անմտությունն ավելի ծանր է, քան իմաստությունն ու փառքը։ 2 Իմաստունի սիրտն իր աջ կողմում է, իսկ անմիտի սիրտը՝ իր ձախ կողմում։ 3 Նույնիսկ ճանապարհով գնալիս անխելքը պակասամիտ է և բոլորին կասի, որ ինքն անխելք է։ 4 Եթե իշխանի բարկությունը քո դեմ ելնի, քո տեղը մի՛ թող, որովհետև մեղմությունը մեծ հանցանքներ է թեթևացնում. 5 Մի չարիք էլ կա, որ տեսա արեգակի տակ. այն սխալմունքի նման, որ իշխանից է դուրս գալիս։ 6 Հիմարությունը շատ բարձր տեղերում է դրվում, իսկ հարուստները ցածր տեղում են նստում։ 7 Ստրուկների տեսա ձիերի վրա և իշխանների, որ ստրուկների պես քայլում էին երկրի վրա։ 8 Ով որ փոս է փորում, ինքը կընկնի մեջը, և ցանկապատ քանդողին օձը կկծի։ 9 Քարհանը քարերով կվնասվի. փայտահատը փայտից կվտանգվի։ 10 Եթե կացինը բթացել է, և նա չսրի բերանը, այն ժամանակ պետք է ավելացնի ուժը։ Իմաստության օգուտը հաջողությունն է։ 11 Եթե օձը խայթի մինչև թովելը, ուրեմն թովիչն օգուտ չունի։ 12 Իմաստունի բերանի խոսքերը շնորհալի են, բայց անմիտը կործանվում է իր խոսքերից։ 13 Նրա բերանի խոսքերի սկիզբն անխելքություն է, և նրա խոսքերի վերջը՝ չար խենթություն։ 14 Եվ անմիտը կշատացնի խոսքերը. մարդը չգիտի, թե ի՛նչ է լինելու. թե իրենից հետո ի՛նչ է լինելու. ո՞վ կարող է հայտնել նրան։ 15 Անմիտների աշխատանքն իրենց կհոգնեցնի, նույնիսկ չգիտեն քաղաքի ճամփան։ 16 Վա՜յ քեզ, երկի՛ր, որ թագավորդ մանուկ է, և որ իշխաններդ վաղ առավոտից հացկերույթի են։ 17 Երանի՜ քեզ, երկի՛ր, որ թագավորդ ազնվազարմ է, և որ իշխաններդ ուտում են իր ժամանակին՝ ուժի համար և ոչ թե վայելքի համար։ 18 Ծուլությունից տանիքի գերանները փուլ կգան, և ձեռքերի անգործությունից տունը կկաթի։ 19 Հացկերույթն ուրախանալու համար են անում, և գինին զվարթացնում է կյանքը, իսկ դրամը տալիս է ամեն բանի պատասխանը։ 20 Քո մտքում անգամ մի՛ անիծիր թագավորին և քո ննջարանում մի՛ անիծիր հարուստին, որովհետև երկնքի թռչունը ձայնը կտանի, ու թևավորը խոսքը կպատմի։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia