Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԹՎԵՐ 36 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Ամուսնացած կանանց ժառանգությունը

1 Հովսեփի որդիների տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիների տոհմի իշխանները մոտեցան Մովսեսին և Իսրայելի որդիների նահապետների ընտանիքների իշխաններին

2 ու ասացին. «Տերը մեր տիրոջը հրամայել է՝ վիճակ գցելով երկիրը Իսրայելի որդիներին տա որպես ժառանգություն, և մեր տերը Տիրոջից հրաման է ստացել, որ մեր եղբայր Սալպաադի ժառանգությունը տա նրա աղջիկներին։

3 Եթե նրանք ամուսնանան Իսրայելի որդիների մեկ այլ ցեղի որդիների հետ, ապա նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ժառանգությունից և պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին կնության կգնան։ Այսպիսով պիտի պակասի վիճակով մեզ հասանելիք ժառանգությունը։

4 Եվ երբ գա Իսրայելի որդիների հոբելյանը, նրանց ժառանգությունը պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին նրանք կնության են գնացել, և նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ցեղի ժառանգությունից»։

5 Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն պատվիրեց Իսրայելի որդիներին և ասաց. «Հովսեփի որդիների ցեղը ուղիղ է խոսում։

6 Սալպաադի աղջիկների մասին Տիրոջ հրամանը հետևյալն է. “Նրանք թող ամուսնանան, ում հետ որ կկամենան, միայն թե իրենց հայրական ցեղից եղողներին կին լինեն։

7 Իսրայելի որդիների ժառանգությունը մի ցեղից ուրիշ ցեղի թող չանցնի, որովհետև Իսրայելի որդիները բոլորն էլ իրենց հայրերի ցեղի ժառանգությանը պիտի հարեն։

8 Իսրայելի որդիների ցեղերի մեջ ժառանգություն ստացած ամեն աղջիկ իր հայրական ցեղից եղող մեկին կին թող դառնա, որպեսզի Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն իր հայրերի ժառանգությունը ժառանգի։

9 Ժառանգությունը մի ցեղից մյուս ցեղին չպետք է անցնի, այլ Իսրայելի որդիների ցեղերից ամեն մեկն իր ժառանգությանը պետք է հարի”»։

10 Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, Սալպաադի աղջիկներն այդպես էլ արեցին։

11 Եվ Մաալան, Թերսան, Էգղան, Մեղքան և Նուան՝ Սալպաադի աղջիկները, ամուսնացան իրենց հորեղբայրների որդիների հետ։

12 Նրանք Հովսեփի որդի Մանասեի որդիների տոհմերից եղողների կանայք դարձան, և նրանց ժառանգությունը մնաց իրենց հայրական ցեղի ազգատոհմի մեջ։

13 Սրանք են այն պատվիրաններն ու դատաստանները, որ Տերը Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի որդիներին Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ