Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԶԱՔԱՐԻԱ 6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Չորս կառքերի տեսիլքը

1 Դարձյալ աչքերս բարձրացրի և տեսա, որ ահա չորս կառք է դուրս գալիս երկու սարերի մեջտեղից, և սարերը պղնձի սարեր էին։

2 Առաջին կառքի ձիերն աշխետ էին, երկրորդ կառքի ձիերը սև էին։

3 Երրորդ կառքի ձիերը սպիտակ էին, իսկ չորրորդ կառքի ձիերը բծավոր էին, բոսորագույն։

4 Եվ ես պատասխան տվեցի ու ասացի ինձ հետ խոսող հրեշտակին. «Սրանք ի՞նչ են, տե՛ր իմ»։

5 Եվ հրեշտակը պատասխան տվեց ու ասաց ինձ. «Սրանք գալիս են ամբողջ երկրի Տիրոջ առաջ կանգնելուց, դեպի երկնքի չորս հողմերն են դուրս գալիս։

6 Այն սև ձիերովը դուրս է գալիս դեպի հյուսիսի երկիրը. սպիտակներովը դուրս է գալիս դեպի արևմուտք, իսկ բծավորները դուրս են գալիս դեպի հարավի երկիրը»։

7 Եվ բոսորագույնները դուրս եկան և ձգտում էին գնալ ու շրջել երկրում։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք, շրջե՛ք երկրի վրա»։ Եվ նրանք շրջեցին երկրի վրա։

8 Եվ նա աղաղակեց ինձ ու խոսեց ինձ հետ՝ ասելով. «Տե՛ս, դեպի հյուսիսի երկիր գնացողները իմ հոգին հանգստացրին հյուսիսի երկրում»։


Մարգարեություն Հեսուի պսակադրման մասին

9 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

10 «Վերցրո՛ւ ընծաները գերիներից՝ Հեղդայից, որոնք եկել են Բաբելոնից, Տուբիայից և Հեդայիայից, և նույն օրը դու ինքդ գնա՛ և մտի՛ր Բաբելոնից եկող Սոփոնիայի որդի Հովսիայի տունը։

11 Արծաթ ու ոսկի՛ վերցրու, պսակնե՛ր շինիր և մեկը դի՛ր Հովսեդեկի որդի Հեսուի գլխին։

12 Եվ ասա՛ նրան. “Այսպես է ասում Զորքերի Տերը. "Ահա մի մարդ, որի անունը Շառավիղ է. նա իր տեղից պիտի բուսնի և պիտի կառուցի Տիրոջ տաճարը։

13 Եվ նա կկառուցի Տիրոջ տաճարը։ Նա մեծափառություն պիտի կրի և պիտի բազմի իր գահի վրա, պիտի իշխի և իր գահի վրա քահանա պիտի լինի, և խաղաղության խորհուրդ պիտի լինի երկուսի միջև"”։

14 Եվ պսակները պիտի լինեն Տիրոջ տաճարում իբրև հիշատակ Հելեմին, Տուբիային ու Հեդայիային և Սոփոնիայի որդի Հենին՝ իբրև հիշատակ տաճարում։

15 Եվ հեռավորները պիտի գան ու կառուցեն Տիրոջ տաճարը։ Եվ դուք կիմանաք, որ զորքերի Տերն է ինձ ուղարկել ձեզ մոտ։ Այդ պիտի լինի, եթե ուշադրությամբ անսաք ձեր Տիրոջ ձայնին»։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ