Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԶԱՔԱՐԻԱ 10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Աստված ազատություն է խոստանում

1 Տիրոջից խնդրե՛ք գարնանային ուշացած անձրև. Տիրոջից, որ ամպրոպ է առաջացնում. և նա անձրևի տարափ կտա նրանց և յուրաքանչյուրին՝ բուսականություն դաշտում։

2 Որովհետև կուռքերն ունայնություն են խոսել, գուշակողները սուտ տեսիլքներ են տեսել և կեղծ երազների մասին են խոսել՝ անօգուտ մխիթարություն տալու համար։ Ուստի հոտի պես են առաջ շարժվում, տառապում են, որովհետև հովիվ չկա։

3 «Հովիվների վրա բորբոքվեց իմ բարկությունը, և նոխազներին պիտի պատժեմ, որովհետև Զորքերի Տերն այցելեց իր հոտին՝ Հուդայի տանը, և պատերազմի ժամանակ նրանց իր փառավոր երիվարի նման պիտի դարձնի։

4 Նրանից է գալու անկյունաքարը, նրանից է բևեռը, նրանից՝ պատերազմի աղեղը, բոլոր զորավարները միասին նրանից են դուրս գալու։

5 Եվ միասնաբար՝ հզորների նման պիտի լինեն, որ պատերազմելիս տրորում են ցեխոտ փողոցները. պիտի պատերազմեն, որովհետև Տերը նրանց հետ է, և ձի հեծնողներին պիտի ամաչեցնեն։

6 Ես պիտի զորացնեմ Հուդայի տունը և փրկեմ Հովսեփի տունը և նրանց պիտի վերադարձնեմ, որովհետև գթացի նրանց։ Եվ նրանք պիտի լինեն այնպես, կարծես թե ես չէի մերժել նրանց, որովհետև ես եմ նրանց Տեր Աստվածը և նրանց պիտի պատասխանեմ։

7 Եվ Եփրեմը զորավոր մարդու պես պիտի լինի, և նրանց սիրտը պիտի ուրախանա ինչպես գինուց, և նրանց որդիներն էլ պիտի տեսնեն և ուրախանան. նրանց սիրտը պիտի ցնծա Տիրոջով։

8 Եվ ես պիտի սուլեմ ու ժողովեմ նրանց, որովհետև ես փրկել եմ նրանց. և նրանք պիտի շատանան, ինչպես որ շատ էին։

9 Թեկուզ ես նրանց սփռել եմ ազգերի մեջ, սակայն նրանք հեռու տեղերում պիտի հիշեն ինձ, իրենց որդիների հետ պիտի ապրեն և ետ դառնան։

10 Եվ ես նրանց ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի երկրից և Ասորեստանից պիտի ժողովեմ նրանց։ Նրանց պիտի բերեմ Գաղաադի երկիրը և Լիբանան, և տեղ չպիտի գտնվի նրանց համար։

11 Եվ նա պիտի անցնի նեղության ծովով և ծովում պիտի հարվածի ալիքներին. պիտի չորանան գետի բոլոր խորությունները, պիտի իջեցվի Ասորեստանի ամբարտավանությունը, և պիտի հեռանա Եգիպտոսի գավազանը։

12 Եվ նրանց պիտի զորացնեմ Տիրոջով, և նրանք պիտի ընթանան նրա անունով»,- ասում է Տերը։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ