Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵՐԵՄԻԱ 19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Կոտրված կուժը

1 Տերն այսպես ասաց. «Գնա՛, բրուտի խեցե մի կո՛ւժ գնիր և ժողովրդի երեցներից ու քահանաների ավագներից վերցրո՛ւ,

2 դո՛ւրս եկ Ենովմի որդու ձորը, որ Հարսիթի դարպասի մուտքի մոտ է, և այնտեղ հայտարարի՛ր այն խոսքերը, որ կասեմ քեզ։

3 Եվ ասա՛. “Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և Երուսաղեմի բնակիչներ, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ահա ես չարիք եմ բերելու այս տեղի վրա, որ ամեն լսողի ականջները զնգան։

4 Նրա համար, որ ինձ թողեցին և այս տեղն օտարացրին ինձնից ու նրա մեջ ուրիշ աստվածների խունկ ծխեցին, որոնց իրենք, իրենց հայրերն ու Հուդայի թագավորները չէին ճանաչում, և այս տեղը լցրին անմեղների արյունով։

5 Եվ շինեցին Բահաղի Բարձր տեղեր, որպեսզի իրենց որդիներին կրակով այրեն իբրև ողջակեզներ Բահաղի համար, որը ես չեմ հրամայել և ոչ էլ ես եմ ասել, և միտքս էլ չի եկել։

6 Ուստի օրեր կգան,- ասում է Տերը,- որ այս տեղին այլևս Տոփեթ և Ենովմի որդու ձոր չեն ասի, այլ Սպանության ձոր։

7 Եվ ես այս տեղում կխափանեմ Հուդայի և Երուսաղեմի խորհուրդը և իրենց թշնամիների առաջ սրով կտապալեմ նրանց՝ իրենց կյանքը փնտրողների ձեռքով։ Նրանց դիակներն իբրև կերակուր կտամ երկնքի թռչուններին և երկրի գազաններին։

8 Եվ այս քաղաքը ամայի և երկարատև սուլելու առարկա կդարձնեմ. նրա մոտով ամեն անցնող կզարմանա և կսուլի նրա բոլոր պատուհասների պատճառով։

9 Եվ նրանց իրենց որդիների միսը և իրենց դուստրերի միսը ուտել պիտի տամ. ամեն մարդ իր ընկերոջ միսն է ուտելու այն պաշարման և նեղության մեջ, որով նրա թշնամիները և նրանց կյանքը պահանջողները պիտի նեղեն նրանց"”։

10 Ապա այդ կուժը կոտրի՛ր քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջ։

11 Եվ ասա՛ նրանց. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Այս ժողովրդին և այս քաղաքը այսպես պիտի կոտրեմ, ինչպես որ մեկը կոտրում է բրուտի անոթը, որն այլևս չի կարող նորոգվել։ Եվ թաղելու տեղ չլինելու պատճառով Տոփեթում պիտի թաղեն"”։

12 Այսպես պիտի անեմ այս տեղին,- ասում է Տերը,- և նրա բնակիչներին, և այս քաղաքը Տոփեթի պես պիտի անեմ։

13 Երուսաղեմի տները և Հուդայի թագավորների տները Տոփեթի տեղի պես անմաքուր կլինեն. այն բոլոր տների պատճառով, որոնց կտուրներին խունկ են ծխել երկնքի բոլոր զորքերի համար և թափելու նվերներ են մատուցել օտար աստվածներին»։

14 Երեմիան եկավ Տոփեթից, ուր Տերն ուղարկել էր նրան մարգարեություն անելու, կանգնեց Տիրոջ տան գավթում և ասաց ամբողջ ժողովրդին.

15 «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես այս քաղաքի վրա և նրա բոլոր քաղաքների վրա այն ամբողջ չարիքը պիտի բերեմ, որ վճռել եմ նրա դեմ. որովհետև նրանք պնդացրել են իրենց պարանոցը, որպեսզի իմ խոսքերը չլսեն”»։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ