ԵՐԳ ԵՐԳՈՑ 7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Ի՜նչ գեղեցիկ են քո քայլերը կոշիկներով, ո՛վ ազնվականի դուստր։ Քո ազդրերի կորությունը նման է մանյակի՝ շինված հմուտ վարպետի ձեռքով։ 2 Քո պորտը բոլորակ բաժակ է՝ անպակաս խառը գինուց, քո փորը՝ ցորենի շեղջ՝ պատված շուշանով։ 3 Զույգ ստինքներդ նման են զույգ ձագերի, մի այծյամի ծնած երկվորյակների։ 4 Պարանոցդ՝ փղոսկրե աշտարակի պես, աչքերդ՝ ավազանների պես Եսեբոնի Բաթ-Րաբբիմի դռան մոտ, քիթդ՝ Լիբանանի աշտարակի նման, որ դեպի Դամասկոս է նայում։ 5 Գլուխդ՝ քեզ վրա, Կարմեղոսին է նման, իսկ գլխիդ մազերը՝ ծիրանու նման. թագավորը տարված է քո խոպոպներով։ 6 Ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ վայելուչ ես, ո՛վ իմ ցանկալի սիրուհի։ 7 Քո այդ հասակը նման է արմավենու, իսկ ստինքներդ՝ ողկույզների։ 8 Ասացի. «Արմավենու վրա ելնեմ, բռնեմ նրա ճյուղերը»։ Եվ քո ստինքները որթատունկի ողկույզների պես լինեին, իսկ ռունգերիդ հոտը՝ խնձորենիների հոտի պես։ 9 Եվ քիմքդ՝ նման ազնիվ գինու, որ հոսում է իմ սիրեկանի համար, որ հոսում է իմ շրթունքների և ատամների վրա։ 10 Ես իմ սիրեկանինն եմ, և նա էլ ինձ է ցանկանում։ 11 Արի՛, ի՛մ սիրեկան, դուրս գանք դեպի դաշտը, օթևանենք գյուղերում։ 12 Առավոտ կանուխ այգիները գնանք, տեսնենք՝ որթատունկը ծլարձակե՞լ է, կոկոնը բացվե՞լ է, նռնենիները ծաղկե՞լ են. այնտեղ սերս քեզ եմ տալու։ 13 Մանրագորները բուրում են, և մեր դռների առաջ ամեն տեսակ ընտիր պտուղներ կան՝ թե՛ նոր և թե՛ հին, ո՛վ իմ սիրեկան, քեզ համար եմ պահել։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia