ԵՐԳ ԵՐԳՈՑ 4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Ահա գեղեցիկ ես դու, ո՛վ իմ սիրուհի, ահա գեղեցի՜կ ես. քո քողի ետևում աչքերդ աղավնիներ են, մազերդ Գաղաադի սարից իջնող այծերի հոտի են նման։ 2 Ատամներդ լվացվելուց դուրս եկող խուզվող հոտի նման են. նրանք բոլորն էլ երկվորյակ են ծնում, և ամուլ չկա նրանց մեջ։ 3 Կարմիր թելի նման են քո շրթունքները, և բերանդ՝ գեղեցիկ. այտերդ քո քողի տակ կիսած նռան նման են։ 4 Պարանոցդ Դավթի աշտարակի նման՝ շինված զինարանի համար, ուր հազար ասպար կա կախված, բոլորն էլ զորավորների վահաններ։ 5 Երկու ստինքներդ նման են երկու ուլերի, այծյամի երկվորյակների, որ արածում են շուշանների մեջ։ 6 Մինչև օրը զովանա, և ստվերները փախչեն, զմուռսի լեռն ու կնդրուկի բլուրը կգնամ։ 7 Ամբողջովին գեղեցիկ ես, ի՛մ սիրուհի, և քեզ վրա արատ չկա։ 8 Ինձ հետ Լիբանանից, ո՛վ հարս, ինձ հետ Լիբանանից կգաս. նայի՛ր Ամանայի գագաթից, Սանիրի և Հերմոնի գագաթից, առյուծների որջերից, ինձերի սարերից։ 9 Սիրտս գրավել ես, ո՛վ իմ քույր հարս, սիրտս գրավել ես քո մի նայվածքով, պարանոցիդ մի մանյակով։ 10 Ի՜նչ գեղեցիկ է քո սերը, ո՛վ իմ քույր հարս, քո սերը գինուց որքա՜ն լավ է, և քո յուղերի բուրմունքը՝ ամեն համեմունքից։ 11 Մեղր է կաթում քո շրթունքներից, ո՛վ հարս, մեղր ու կաթ կա լեզվիդ տակ, և հանդերձներիդ անուշահոտությունը Լիբանանի հոտի նման է։ 12 Փակված այգի է իմ քույրը, հարսը, փակված ակն է, կնքված աղբյուր է։ 13 Քո ոստերը նռնենիների մրգաստան են՝ ընտիր պտուղներով. հինաներով ու նարդոսներով, 14 Նարդոս և քրքում, եղեգ և կինամոն, ամեն խնկաբեր ծառով, զմուռսով և հալվեով, բոլոր գլխավոր համեմունքներով։ 15 Պարտեզների աղբյուր, կենդանի ջրհոր և Լիբանանից հոսող վտակներ։ 16 Զարթնի՛ր, ո՛վ հյուսիսային քամի, և ե՛կ, ո՛վ հարավային քամի, փչի՛ր իմ պարտեզին, թող նրա բույրերը տարածվեն։ Թող իմ սիրեկանն իր պարտեզը գա և ուտի նրա ընտիր պտուղները։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia