ԵՐԳ ԵՐԳՈՑ 3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Գիշերն իմ անկողնում ես փնտրեցի իմ հոգու սիրելիին. փնտրեցի, բայց չգտա։ 2 Վեր կենամ, շրջեմ քաղաքում, փողոցներում ու հրապարակներում, փնտրեմ իմ հոգու սիրելիին. փնտրեցի նրան, բայց չգտա։ 3 Քաղաքում շրջող պահապանները գտան ինձ. «Տեսե՞լ եք իմ հոգու սիրելիին»։ 4 Հազիվ էի անցել նրանցից, երբ գտա իմ հոգու սիրելիին. բռնեցի նրան և բաց չթողեցի, մինչև որ նրան չտարա մորս տունը և ինձ ծնողի ներքնասենյակը։ 5 Ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, երդվել եմ տալիս ձեզ, այծյամներով կամ դաշտի եղնիկներով, մի՛ զարթնեցրեք և մի՛ արթնացրեք սերը, մինչև որ ինքը չբարեհաճի։ Երրորդ երգ 6 Ո՞վ է սա, որ գալիս է անապատից ծխի սյուների նման, խնկված զմուռսով ու կնդրուկով և բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով։ 7 Ահա Սողոմոնի գահույքը. Իսրայելի զորավորներից վաթսուն զորավորներ կան նրա շուրջը։ 8 Նրանք բոլորն էլ սուսերավոր են, պատերազմի վարժված, յուրաքանչյուրի սուրն իր ազդրի վրա՝ գիշերվա ահի համար։ 9 Սողոմոն թագավորը Լիբանանի փայտից մի գահավորակ է սարքել իր համար։ 10 Նրա սյուներն արծաթից է շինել, հենարանը՝ ոսկուց, բազմոցը՝ ծիրանիից. նրա ներսը Երուսաղեմի աղջիկների սիրով է գործված։ 11 Ո՛վ Սիոնի աղջիկներ, դո՛ւրս եկեք ու տեսե՛ք Սողոմոն թագավորին այն թագով, որով պսակեց նրան նրա մայրը, նրա փեսայանալու օրը, նրա սրտի ուրախության օրը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia