Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵՍԹԵՐ 5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Եսթերը գնում է թագավորի մոտ

1 Երրորդ օրը Եսթերը հագնվեց թագուհու ձևով և կանգնեց թագավորի տան ներքին գավթում՝ թագավորի պալատի դիմաց։ Թագավորը նստել էր իր արքայական աթոռի վրա՝ թագավորի պալատում, պալատի դռան դիմաց։

2 Երբ թագավորը տեսավ գավթում կանգնած Եսթեր թագուհուն, նա շնորհ գտավ նրա աչքի առաջ, և թագավորն իր ձեռքի ոսկե գավազանը դեպի Եսթերը մեկնեց։ Եսթերը մոտեցավ և դիպավ գավազանի ծայրին։

3 Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ ունես, Եսթե՛ր թագուհի, և ի՞նչ է ուզածդ. իմ թագավորության մինչև կեսն անգամ քեզ կտրվի»։

4 Եվ Եսթերն ասաց. «Եթե հաճելի է թագավորին, թող այսօր թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ պատրաստել եմ իր համար»։

5 Եվ թագավորն ասաց. «Շտապ բերե՛ք Համանին, որ Եսթերի ասածը կատարի»։ Թագավորը Համանի հետ գնաց Եսթերի սարքած խնջույքին։

6 Գինի խմելիս թագավորն ասաց Եսթերին. «Քո խնդրանքն ի՞նչ է, քեզ պիտի տրվի, և ի՞նչ է քո ուզածը, մինչև թագավորության կեսը, պիտի կատարվի»։

7 Եսթերը պատասխանեց և ասաց. «Իմ խնդրանքը և իմ ուզածը.

8 եթե ես շնորհ եմ գտել թագավորի աչքի առաջ, և եթե հաճելի է թագավորին իմ խնդրածը տալու և իմ ուզածը կատարելու, թող թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ անելու եմ ես։ Եվ վաղը կանեմ թագավորի խոսքի համաձայն»։


Համանը ծրագրում է սպանել Մուրթքեին

9 Համանն այն օրը դուրս եկավ ուրախ և սրտով զվարթ։ Բայց երբ Համանը թագավորի դռանը տեսավ Մուրթքեին, որը ո՛չ կանգնեց և ո՛չ էլ նրանից դողաց, Մուրթքեի նկատմամբ բարկությամբ լցվեց։

10 Սակայն Համանն իրեն զսպեց և իր տունը գնաց. մարդ ուղարկեց և բերել տվեց իր բարեկամներին և իր կնոջը՝ Զերեսին։

11 Համանը նրանց պատմեց իր մեծ հարստության և բազմաթիվ որդիների և այն ամենի մասին, որ թագավորը նրան մեծարել է և որ նրան բարձրացրել է թագավորի ծառաներից և իշխաններից։

12 Համանն ասաց. «Արդարև, Եսթեր թագուհին թագավորի հետ ինձանից բացի մեկ ուրիշին չտարավ իր պատրաստած խնջույքին, և նույնիսկ վաղը ես թագավորի հետ նրա մոտ եմ հրավիրված։

13 Բայց այս ամենից գոհ չեմ, քանի որ անընդհատ հրեա Մուրթքեին տեսնում եմ թագավորի դռանը նստած»։

14 Նրա կինը՝ Զերեսը, և նրա բոլոր բարեկամներն ասացին նրան. «Թող մի բարձր փայտ շինեն՝ հիսուն կանգուն, և առավոտյան թագավորին ասա՛, որ Մուրթքեին կախեն նրանից. հետո թագավորի հետ ուրախ գնա՛ խնջույքի»։ Այս խոսքը հաճելի թվաց Համանին, և նա փայտը շինել տվեց։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ