Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵՍԱՅԻ 35 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Սրբության ճամփան

1 Անապատն ու չոր երկիրը կուրախանան, կցնծա անմարդաբնակ երկիրը ու կծաղկի շուշանի պես։

2 Առատորեն կծաղկի, ցնծալով կուրախանա երգելով։ Նրան կտրվի Լիբանանի փառքը և Կարմեղոսի ու Սարոնի մեծափառությունը։ Նրանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստծու վայելչությունը։

3 Զորացրե՛ք թուլացած ձեռքերը, պնդացրե՛ք դողդոջուն ծնկները։

4 Ասացե՛ք թուլասիրտներին. «Ո՛ւժ առեք, մի՛ վախեցեք. ահա ձեր Աստվածը գալիս է վրեժխնդրությամբ, Աստծու հատուցումով. գալիս է և կազատի ձեզ»։

5 Այն ժամանակ կբացվեն կույրերի աչքերը, կբացվեն խուլերի ականջները։

6 Այն ժամանակ կաղը կցատկոտի եղջերուի պես, և համրի լեզուն կօրհներգի, որովհետև անապատում ջրեր կժայթքեն, և ամայի տեղում՝ հեղեղատներ։

7 Խորշակահար երկիրը լճի կփոխվի, և ծարաված հողը՝ ջրերի աղբյուրների։ Աղվեսների բնակած որջում խոտ կբուսնի՝ եղեգ և կնյուն։

8 Այնտեղ պողոտա և ճանապարհ կլինի, որին սուրբ ճանապարհ կասեն. այդ տեղով անմաքուրը չպիտի անցնի, դա նրանցը կլինի. այդ ճանապարհով գնացողները, հիմարներն անգամ չեն մոլորվի։

9 Այնտեղ առյուծ չի լինելու, այնտեղով գիշատիչ գազան չի գալու. դրանք այնտեղ չեն գտնվելու. բայց փրկագնվածները ման կգան այնտեղ։

10 Տիրոջ կողմից փրկագնվածները ետ կդառնան ու բարձրաձայն երգերով կգան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն կլինի։ Ուրախության ու ցնծության պիտի հասնեն նրանք, և տրտմությունն ու հեծությունը պիտի փախչեն։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ