Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵՍԱՅԻ 25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Փառաբանության երգ

1 Տե՛ր, դու ես իմ Աստվածը. ես բարձրացնում եմ քեզ, գովերգում եմ քո անունը, որովհետև դու սքանչելի գործեր կատարեցիր, հավատարիմ ու ճշմարիտ վաղեմի խորհուրդներ,

2 քանզի դու քաղաքը հողակույտի վերածեցիր, պարսպավոր քաղաքը՝ փլատակի. օտարների ամրոցը, քաղաք չլինելով, հավիտյան չի վերաշինվելու։

3 Դրա համար քեզ պիտի պատվի հզոր ժողովուրդը, բռնավոր ազգերի քաղաքը պիտի վախենա քեզնից,

4 որովհետև դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ կարիքավորին՝ նրա նեղության մեջ, ապավեն՝ փոթորկի դեմ, հովանի՝ տաքության դեմ, երբ բռնավորի կատաղությունը պատի դեմ փոթորկի նման գա։

5 Օտարների աղմուկը տաքության պես է անջրդի վայրում։ Դու տաքությունն ամպի ստվերով մեղմացրիր, բռնավորների երգը խլացվեց։


Աստված խնջույք է պատրաստելու

6 Զորությունների Տերը բոլոր ժողովուրդների համար այս լեռան վրա խնջույք է սարքելու յուղոտ ճաշերով, հին գինիներով, ծուծով լեցուն յուղոտ ճաշերով, հին ու զտված գինիներով։

7 Այս սարի վրա նա վերացնելու է ծածկոցը, որը ծածկում է բոլոր ժողովուրդներին, և քողը, որը տարածված է բոլոր ազգերի վրա։

8 Նա պիտի կլանի մահն առհավետ. Տեր Աստված պիտի սրբի արտասուքը բոլորի երեսից և իր ժողովրդի նախատինքը հեռացնի ամբողջ երկրի վրայից, քանզի Տերն է ասում այս։

9 Եվ այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս ենք դրել. նա՛ փրկեց մեզ։ Տերն է նա, որին հուսացինք. ուրախանանք ու ցնծանք նրա փրկությամբ,

10 որովհետև Տիրոջ ձեռքը հանգչելու է այս լեռան վրա»։ Մովաբը կոխոտվելու է նրա տակ, ինչպես որ հարդը կոխ է տրվում աղբանոցում։


Աստված պատժում է Մովաբին

11 Եվ նա տարածելու է իր ձեռքերը դրա մեջ, ինչպես որ լողացողն է տարածում լողալիս, բայց Տերը պիտի իջեցնի նրա հպարտությունը նրա ձեռքերի հնարքների հետ։

12 Նա պիտի խոնարհեցնի քո բարձր պարիսպների ամրությունները, ցածրացնի մինչև գետնի փոշին։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ