Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -

ԵՍԱՅԻ 15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Աստված կործանելու է Մովաբը

1 Պատգամ Մովաբի մասին։ Այն գիշեր, երբ Ար քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։ Այն գիշեր, երբ Կիր քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։

2 Դեբոնի մարդիկ բարձրանում են տաճար, այն բարձր տեղերը՝ լաց լինելու համար։ Մովաբը ողբում է Նաբավի և Մեդաբայի վրա. ամեն գլուխ ածիլված է, ամեն մորուք՝ կտրված։

3 Փողոցներում մարդիկ քուրձ են հագել, նրա կտուրների վրա և հրապարակներում բոլորը ողբում են լաց լինելով։

4 Եսեբոնն ու Եղեաղեն աղաղակում են, նրանց ձայնը լսվում է մինչև Հասսա։ Դրա համար Մովաբի զինյալները գոռում են, նրա հոգին սարսռում է։

5 Իմ սիրտը հառաչում է Մովաբի համար. նրա փախստականները փախչում են մինչև Սեգոր, մինչև Էգլաթ-Շելիշա։ Ղուիթի զառիվերը նրանք լաց լինելով կբարձրանան, Օրոնայիմի ճանապարհին կործանման վայնասուն պիտի արձակեն։

6 Նեմերիմի ջրերը ցամաքելու են, խոտը չորանալու է, դալարը՝ վերանալու. կանաչ բույս չի մնալու։

7 Դրա համար իրենց ձեռք բերած վաստակը և դիզածը տանելու են Ուռիների ձորը։

8 Աղաղակը պատել է Մովաբի շրջակա սահմանները, ողբը հասնում է մինչև Եգլայիմ, նրա ողբը՝ մինչև Բեերելիմ։

9 Դիմոնի ջրերն արյունով պիտի լցվեն, Դիմոնի վրա պիտի բերեմ էլ ավելի մեծ մի աղետ՝ առյուծին, որը պիտի հարձակվի ազատված մովաբացիների վրա, երկրի մնացորդի վրա։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ