Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵԶՐԱՍ 5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Տաճարի կառուցումը նորից սկսվում է

1 Եվ Անգե մարգարեն և Ադդովի որդի Զաքարիա մարգարեն Իսրայելի Աստծու անունով Հրեաստանում և Երուսաղեմում եղող հրեաներին մարգարեություն արեցին։

2 Այդ ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն վեր կացան և սկսեցին շինել Երուսաղեմում եղող Աստծու տունը, և Աստծու մարգարեները նրանց հետ էին և օգնում էին նրանց։

3 Այդ ժամանակ նրանց մոտ եկան Գետի այս կողմի իշխան Թաթանային և Սաթրաբուզանն ու նրանց ընկերները և այսպես ասացին նրանց. «Ո՞վ է ձեզ հրաման տվել այս տունը շինելու և այս պարիսպները նորոգելու»։

4 Այն ժամանակ ասացինք նրանց այն մարդկանց անունները, որոնք շինում են այս տունը։

5 Եվ իրենց Աստծու աչքը հրեաների ավագների վրա էր, և նրանց չարգելեցին, մինչև որ բանը հասնի Դարեհին, և նա այն ժամանակ սրա համար հրաման տա։

6 Ահա այն նամակի պատճենը, որ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, և Սաթրաբուզանը և Գետի այս կողմում եղող նրանց ընկերները՝ ափարսաքացիները, ուղարկեցին Դարեհ թագավորին։

7 Այսպես էր գրված այն պատգամում, որ ուղարկեցին նրան.

8 «Դարեհ թագավորին՝ շատ խաղաղություն. թագավորիդ թող հայտնի լինի, որ գնացինք Հրեաստանի գավառը՝ մեծ Աստծու տունը. այն կառուցում են մեծ քարերով և փայտ են դնում պատերում, և այս գործն արագությամբ է ընթանում և նրանց ձեռքին հաջողվում է։

9 Հետո մենք հարցրինք այն ավագներին՝ նրանց այսպես ասելով. “Ձեզ ո՞վ է հրաման տվել այս տունը շինելու և այս պարիսպները նորոգելու”։

10 Նաև նրանց անունները հարցրինք իրենցից՝ քեզ հայտնելու համար այն մարդկանց անունները, որ նրանց գլխավորներն են։

11 Եվ նրանք այսպես պատասխանեցին մեզ՝ ասելով. “Մենք երկնքի և երկրի Աստծու ծառաներն ենք և շինում ենք այն տունը, որ շինված էր շատ տարիներ առաջ, որը Իսրայելի մի մեծ թագավոր շինել և ամբողջացրել էր։

12 Բայց որովհետև մեր հայրերը բարկացրին երկնքի Աստծուն, նա նրանց Բաբելոնի քաղդեացի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը մատնեց, և նա քանդեց այս տունը, իսկ ժողովրդին գերի տարավ Բաբելոն։

13 Բայց Բաբելոնի Կյուրոս թագավորի առաջին տարում Կյուրոս թագավորը հրաման տվեց կառուցել Աստծու այս տունը։

14 Նաև Աստծու տան ոսկե և արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմի տաճարից և դրանք տարել Բաբելոնի տաճարը, որոնք Կյուրոս թագավորը հանեց Բաբելոնի տաճարից և տվեց Սասբասար անունով մարդուն, որին նախարար նշանակեց։

15 Եվ նրան ասաց. "Վերցրո՛ւ այս անոթները և գնա՛, տա՛ր դրանք Երուսաղեմի տաճարը, և թող Աստծու տունը շինվի իր տեղում"։

16 Այդ ժամանակ այս Սասբասարը եկավ և Երուսաղեմում եղող Աստծու տան հիմքը գցեց, և այդ ժամանակից մինչև հիմա կառուցվում է և չի ավարտվել”։

17 Եվ արդ, եթե թագավորին հաճելի է, թող որոնեն այդտեղ՝ Բաբելոնի թագավորական գանձարանում, թե արդյոք Կյուրոս թագավորի կողմից հրամա՞ն է տրվել, որ Երուսաղեմում կառուցվի Աստծու այս տունը, և այս մասին թագավորի կամքը թող ուղարկեն մեզ»։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ