Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Հեփթայեն և Եփրեմյանները

1 Եփրեմի մարդիկ հավաքվեցին և դեպի հյուսիսային կողմն անցան. ու Հեփթայեին ասացին. «Ինչո՞ւ Ամմոնի որդիների դեմ գնացիր պատերազմելու և մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք. մենք քո տունը հիմա պիտի կրակով այրենք քեզ վրա»։

2 Հեփթայեն նրանց ասաց. «Ես և իմ ժողովուրդը Ամմոնի որդիների հետ մեծ կռիվներ ունեցանք. և ես ձեզ կանչեցի, բայց դուք ինձ չազատեցիք նրանց ձեռքից։

3 Ես էլ երբ տեսա, որ դուք ինձ չեք ազատում, հոգիս ձեռքիս մեջ դրեցի և գնացի Ամմոնի որդիների դեմ, և Տերը նրանց մատնեց իմ ձեռքը. ինչո՞ւ եք դուք այսօր եկել պատերազմելու իմ դեմ»։

4 Հեփթայեն հավաքեց Գաղաադի բոլոր մարդկանց և պատերազմեց Եփրեմի դեմ. Գաղաադի մարդիկ ջարդեցին Եփրեմի որդիներին, որովհետև ասել էին. «Դուք, գաղաադացինե՛ր, Եփրեմի փախստականներ եք Եփրեմում և Մանասեի մեջ»։

5 Եվ գաղաադացիները բռնեցին Հորդանանի կիրճերը՝ Եփրեմի առջև. և երբ Եփրեմի մի փախստական ասում էր. «Թո՛ւյլ տվեք անցնեմ», այն ժամանակ Գաղաադի մարդիկ նրան ասում էին. «Եփրեմակա՞ն ես դու». նա ասում էր՝ ոչ։

6 Նրան ասում էին. «Ապա ասա՛ Շիբբոլեթ», և նա ասում էր՝ Սիբբոլեթ (որովհետև չէր կարողանում ուղիղ արտասանել), և նրան բռնում էին ու սպանում Հորդանանի անցումներում. և այն ժամանակ Եփրեմից քառասուներկու հազար մարդ ընկավ։

7 Հեփթայեն վեց տարի դատավորություն արեց Իսրայելում. և գաղաադացի Հեփթայեն մեռավ ու թաղվեց Գաղաադի քաղաքներից մեկում։


Աբեսսան, Ելոն, Աբդոն

8 Նրանից հետո Իսրայելում դատավորություն արեց բեթլեհեմացի Աբեսսանը։

9 Նա երեսուն տղա ուներ և երեսուն աղջիկ, որոնց դուրսը մարդու տվեց և դրսից էլ երեսուն աղջիկ բերեց իր տղաների համար. և ինքը յոթ տարի դատավորություն արեց Իսրայելում։

10 Աբեսսանը մեռավ և թաղվեց Բեթլեհեմում։

11 Նրանից հետո զաբուղոնացի Ելոնը եղավ Իսրայելի դատավոր և տասը տարի դատավորություն արեց Իսրայելում։

12 Եվ զաբուղոնացի Ելոնը մեռավ ու թաղվեց Զաբուղոնի երկրում՝ Այեղոնի մեջ։

13 Նրանից հետո փարաթոնացի Հելլելի որդի Աբդոնը եղավ Իսրայելի դատավոր։

14 Նա քառասուն տղա և երեսուն թոռներ ուներ, որոնք հեծնում էին յոթանասուն ավանակներ. և ինքն ութ տարի դատավորություն արեց Իսրայելում։

15 Եվ փարաթոնացի Հելլելի որդին՝ Աբդոնը, մեռավ ու թաղվեց ամաղեկացիների լեռնային շրջանում՝ Եփրեմի երկրում, Փարաթոնի մեջ։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ