Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Բ ՕՐԵՆՔ 26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Առաջին բերքի մատուցում

1 «Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ իբրև ժառանգություն, ժառանգես այն ու բնակվես այնտեղ,

2 այն ժամանակ կվերցնես այդ երկրի բոլոր պտուղների առաջին բերքից, որը կքաղես քո Տեր Աստծու՝ քեզ տված հողից, կդնես մի զամբյուղի մեջ և կգնաս այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար։

3 Կգնաս այդ օրերի քահանայի մոտ և կասես. “Այսօր ես քո Տեր Աստծուն հայտնում եմ, որ մտա այն երկիրը, որի համար Տերը երդվել էր մեր հայրերին, որ կտա մեզ”։

4 Քահանան զամբյուղը կվերցնի քո ձեռքից և կդնի քո Տեր Աստծու սեղանի առաջ։

5 Դու, պատասխան տալով, կասես քո Տեր Աստծու առջև. “Իմ հայրը թափառական մի ասորի էր. նա Եգիպտոս իջավ սակավաթիվ մարդկանցով, պանդուխտ մնաց այնտեղ, բայց դարձավ մեծ, հզոր և բազմամարդ մի ազգ։

6 Եգիպտացիները մեզ չարչարեցին, մեզ նեղեցին և մեզ տաժանակիր աշխատեցրին։

7 Մենք աղաղակեցինք դեպի մեր հայրերի Տեր Աստվածը. Տերը լսեց մեր ձայնը, տեսավ մեր նեղությունը, հոգնությունն ու մեր զրկանքը։

8 Տերը մեզ հանեց Եգիպտոսից հզոր ձեռքով և բարձր բազկով, սարսափազդու արարքներով, նշաններով ու հրաշքներով։

9 Եվ մեզ բերեց այս վայրն ու մեզ տվեց այս երկիրը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։

10 Արդ, ահա բերում եմ ինձ տված քո երկրի պտուղների երախայրիքը, ո՛վ Տեր”։ Դու, դրանք քո Տեր Աստծու առաջ դնելով, երկրպագություն կանես քո Տեր Աստծու առջև։

11 Եվ քո Տեր Աստծու քեզ և քո ընտանիքին տված բոլոր բարիքների համար կուրախանաք դու, ղևտացին և ձեր մեջ գտնվող օտարականը։

12 Երբ երրորդ տարում՝ տասանորդի տարում, քո արդյունքների բոլոր տասանորդները տաս վերջացնես և այն տաս ղևտացուն, օտարականին, որբին ու որբևայրուն, և նրանք քո քաղաքներում ուտեն ու հագենան,

13 այն ժամանակ քո Տեր Աստծու առջև կասես. “Ինչ որ սրբագործված էր, ամբողջությամբ հանեցի իմ տնից և ըստ ինձ պատվիրած քո բոլոր հրամանների՝ տվեցի ղևտացուն, օտարականին, որբին ու որբևայրուն։ Քո պատվիրանները զանց չարեցի և չմոռացա։

14 Իմ սգո օրերին դրանից չկերա և անմաքուր բանի չգործածեցի, դրանից չտվեցի մեռելի համար. իմ Տեր Աստծու խոսքը լսեցի և արեցի բոլորը, որ պատվիրել էիր ինձ։

15 Նայի՛ր երկնքից՝ քո սուրբ բնակարանից, և օրհնի՛ր քո Իսրայել ժողովրդին ու այն երկիրը, որ տվեցիր մեզ, ինչպես որ երդվել էիր մեր հայրերին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում”։


Տիրոջ սեփական ժողովուրդը

16 Այսօր քո Տեր Աստվածը պատվիրում է քեզ, որ կատարես այս բոլոր կանոններն ու օրենքները. դրանք կպահես և կգործադրես քո ամբողջ սրտով ու ամբողջ հոգով։

17 Դու այսօր խոսք ես տալիս Տիրոջը, որ նա կլինի քո Աստվածը, որ դու կգնաս նրա ճանապարհներով, կպահես նրա կանոնները, պատվիրաններն ու հրամանները և կհնազանդվես նրա ձայնին։

18 Տերն էլ այսօր քեզ խոսք է տալիս, որ դու կլինես նրա սեփական ժողովուրդը, ինչպես ասել է քեզ, եթե պահես նրա բոլոր պատվիրանները։

19 Նա իր ստեղծած բոլոր ազգերից գերիվեր կդարձնի քեզ մեծավայելչությամբ, համբավով ու փառքով, որպեսզի սուրբ ժողովուրդ լինես քո Տեր Աստծու համար, ինչպես որ ասել է»։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ