Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հետո Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, ուր Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր հեբուսացի Ոռնայի կալում։

2 Նա սկսեց այն կառուցել իր թագավորության չորրորդ տարվա երկրորդ ամսի երկուսին։

3 Ահա Սողոմոնի դրած հիմքը Աստծու տունը կառուցելու համար. դրա երկարությունը նախկին չափով վաթսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսան կանգուն։

4 Տաճարի առջևի սրահի երկարությունը տան լայնության համեմատ քսան կանգուն էր, իսկ բարձրությունը՝ հարյուր քսան կանգուն, և ներսից այն երեսապատեց մաքուր ոսկով։

5 Մեծ տունը ծածկեց մայրի փայտով, այն երեսապատեց մաքուր ոսկով և վրան քանդակեց արմավենիներ ու շղթաներ։

6 Շքեղության համար տունը զարդարեց թանկարժեք քարերով. իսկ ոսկին Փարուիմի ոսկի էր։

7 Տան գերանները, դռան սյուները, դրա պատերն ու դռները պատեց ոսկով և պատերին քերովբեներ քանդակեց։

8 Նա շինեց նաև սրբությունների սրբության սրահը. դրա երկարությունը տան լայնության համեմատ քսան կանգուն էր, դրա լայնությունն էլ՝ քսան կանգուն։ Նա այն պատեց վեց հարյուր տաղանդ մաքուր ոսկով։

9 Մեխերի կշիռը մինչև հիսուն սիկղ ոսկի էր։ Վերնատները նույնպես պատեց ոսկով։

10 Սրբությունների սրբության մեջ երկու քանդակազարդ քերովբեներ պատրաստեց և դրանք պատեց ոսկով։

11 Քերովբեների թևերի երկարությունը քսան կանգուն էր. մեկ թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևն էլ՝ հինգ կանգուն և դիպչում էր մյուս քերովբեի թևին։

12 Մյուս քերովբեի մեկ թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևն էլ՝ հինգ կանգուն և կցված էր մյուս քերովբեի թևին։

13 Այս քերովբեների տարածված թևերը քսան կանգուն էին. դրանք կանգնած էին իրենց ոտքերի վրա, և դրանց դեմքերը դարձած էին դեպի տունը։

14 Նա վարագույրը պատրաստեց կապուտակ, ծիրանագույն, կարմիր գործվածքներից ու բեհեզից և դրա վրա հյուսեց քերովբեներ։


Պղնձե երկու սյուները
( Գ Թագ. 7.15-22 )

15 Տան առջև երկու սյուներ կանգնեցրեց երեսունհինգ կանգուն երկարությամբ, որոնց ամեն մեկի գլխի խոյակը հինգ կանգուն էր։

16 Նա սրբությունների սրբության մեջ եղածի նման շղթաներ պատրաստեց ու դրեց սյուների գլուխներին և հարյուր նուռ սարքեց ու անցկացրեց շղթաներին։

17 Սյուները կանգնեցրեց տաճարի առաջ՝ մեկը աջ կողմում, մյուսը ձախ կողմում. աջ կողմինը կոչեց Հաքին, իսկ ձախ կողմինը՝ Բոոզ։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ