Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 27 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՀուդայի Հովաթամ թագավորը ( Դ Թագ. 15.32-38 ) 1 Հովաթամը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա՝ Սադոկի դուստրը։ 2 Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր իր հայրը՝ Ոզիան։ Միայն թե սա Տիրոջ տաճարը չմտավ. սակայն ժողովուրդը շարունակեց մեղանչել Տիրոջ դեմ։ 3 Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը և շատ շինություններ արեց Օփաղի պարսպի վրա։ 4 Նա Հուդայի լեռներում կառուցեց քաղաքներ, իսկ անտառներում՝ բերդեր և աշտարակներ։ 5 Նա պատերազմեց ամմոնացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Ամմոնացիներն այդ տարի նրան տվեցին հարյուր տաղանդ արծաթ, տասը հազար քոռ ցորեն և տասը հազար քոռ գարի։ Այդպես արեցին նրան երկրորդ տարին էլ, երրորդին էլ։ 6 Հովաթամը զորացավ, որովհետև իր ճանապարհներն ուղղեց իր Տեր Աստծու առջև։ 7 Հովաթամի մնացած պատմությունը, նրա բոլոր պատերազմներն ու ինչ որ նա արել է, գրի են առնված Իսրայելի և Հուդայի թագավորների հիշատակների գրքում։ 8 Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ 9 Հովաթամը ննջեց իր հայրերի հետ. նրան թաղեցին Դավթի քաղաքում, և նրա որդի Աքազը թագավորեց նրա փոխարեն։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia