ԱՌԱԿՆԵՐ 7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Որդյա՛կ իմ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահպանի՛ր քեզ մոտ։ 2 Պահի՛ր իմ պատվիրանները, որպեսզի ապրես, և իմ ուսուցումը պահպանի՛ր քո աչքի բիբի պես։ 3 Քո մատներին կապի՛ր դրանք, դրանք գրի՛ր քո սրտի տախտակի վրա։ 4 Իմաստությանն ասա՛. «Իմ քույրն ես», և ըմբռնողությանը «Բարեկա՛մ» կոչիր, 5 Որպեսզի քեզ պահի շնացող կնոջից, այն ցոփ կնոջից, որի խոսքերը շողոքորթում են։ Անբարոյական կինը 6 Որովհետև իմ տան պատուհանից՝ իմ ճաղավանդակի միջով նայեցի 7 Եվ պակասամիտների մեջ տեսա և երիտասարդների մեջ նկատեցի մի պակասամիտ պատանու, 8 Որը փողոցով անցնում էր այն կնոջ տան անկյան մոտով և նրա տան ճանապարհը բռնեց. 9 Մթնշաղին, երբ օրը տարաժամեց, երբ գիշերվա խավարը պատեց։ 10 Եվ ահա մի կին դիմավորեց նրան պոռնիկի հագուստով և խորամանկ սրտով։ 11 Նա աղմկարար էր և կամակոր. նրա ոտքերն իր տանը չէին մնում։ 12 Երբեմն դրսում, երբեմն հրապարակներում և ամեն անկյունում դարանամուտ էր լինում։ 13 Սա բռնեց նրան և համբուրեց, անամոթ դեմքով ասաց նրան. 14 «Ես խաղաղության զոհեր պիտի անեի. այսօր կատարեցի իմ ուխտերը։ 15 Դրա համար դուրս եկա քեզ դիմավորելու՝ քեզ փնտրելու, և գտա քեզ։ 16 Մահիճս պատել եմ ծածկոցներով, Եգիպտոսի երփներանգ հյուսվածքով։ 17 Անկողնուս մեջ զմուռս, հալվե և կինամոն եմ ցողել։ 18 Եվ տարփանքով հագենանք մինչև առավոտ, տռփանքով զվարճանանք, 19 Որովհետև ամուսինս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել։ 20 Փողի քսակն իր հետ է վերցրել և լուսնի լրման օրն է տուն գալու»։ 21 Իր բազում համոզիչ խոսքերով հրապուրեց նրան, իր շրթունքների շողոքորթությամբ խոտորեցրեց նրան։ 22 Նա էլ իսկույն գնաց նրա հետևից, ինչպես որ արջառն է սպանդանոց գնում, և ինչպես շղթայակապ խենթը՝ պատժվելու։ 23 Մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը. ինչպես որ թռչունն է շտապում դեպի ծուղակը և չգիտի, որ այն իր հոգու համար է։ 24 Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ և ուշադրությո՛ւն դարձրեք իմ բերանի խոսքերին։ 25 Թող սիրտդ չխոտորվի դեպի նրա ճանապարհները. մի՛ մոլորվիր նրա շավիղներում։ 26 Որովհետև նա շատերին է տապալել, և նրա սպանածները բազմաթիվ էին։ 27 Նրա տունը դժոխքի ճանապարհն է, որ մահվան սենյակներ է իջնում։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia