ԱՌԱԿՆԵՐ 5 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԶգուշացում շնությունից 1 Որդյա՛կ իմ, իմ իմաստությանը ակա՛նջ դիր և լսի՛ր իմ խոհեմությունը, 2 Որպեսզի խելամտություն ունենաս, և քո շրթունքները գիտություն պահեն։ 3 Որովհետև շնացող կնոջ շրթունքները մեղր են կաթեցնում, նրա քիմքն էլ յուղից փափուկ է։ 4 Սակայն նրա վախճանն օշինդրի պես դառն է և երկսայրի սրի պես սուր է։ 5 Նրա ոտքերը դեպի մահ են տանում, դժոխքին են հասնում նրա քայլերը։ 6 Նա կյանքի շավիղով բնավ չի գնա, նրա ուղիները խոտոր են, և նա չգիտի։ 7 Եվ հիմա, որդինե՛ր, ի՛նձ լսեցեք և իմ բերանի խոսքերից մի՛ հեռացեք։ 8 Նրանից հեռո՛ւ պահիր քո ճանապարհը և չմոտենաս նրա տան դռանը։ 9 Որպեսզի քո զորությունն ուրիշներին չտաս և քո տարիները՝ անգութ մարդուն։ 10 Որպեսզի օտարները չկշտանան քո ունեցվածքով, և քո տքնության արդյունքը ուրիշի տան մեջ չլինի, 11 Եվ դու կյանքի վերջում հառաչես, երբ որ կսպառվեն միսդ ու մարմինդ, 12 Եվ ասես. «Ես ինչպե՜ս ատեցի խրատը, և սիրտս արհամարհեց հանդիմանությունը։ 13 Եվ չլսեցի իմ ուսուցիչների ձայնը և ականջ չդրեցի ինձ դաստիարակողին։ 14 Քիչ էր մնում ժողովքի և ժողովրդի մեջ ամբողջովին կործանվեի»։ 15 Դու քո ջրամբարի՛ց ջուր խմիր և քո ջրհորի միջից հոսող ջրից։ 16 Մի՞թե քո աղբյուրները պիտի տարածվեն փողոցում, ջրերի վտակները՝ հրապարակներում։ 17 Դրանք միայն քոնը թող լինեն և ոչ թե օտարներինը և քոնը. 18 Քո աղբյուրը թող օրհնյալ լինի, և ուրախացի՛ր քո երիտասարդության կնոջ հետ։ 19 Նա քեզ համար սիրելի եղնիկի և շնորհալի այծյամի պես թող լինի, նրա ստինքներն ամեն ժամանակ թող հագեցնեն քեզ, նրա սիրով միշտ զմայլվես։ 20 Եվ ինչի՞ համար, որդյա՛կս, օտար կնոջ սիրով զմայլվես և անառակ կնոջ կուրծքը գրկես։ 21 Որովհետև Տիրոջ աչքի առաջ են մարդու ճանապարհները, և նա քննում է նրա բոլոր ուղիները։ 22 Անիրավին իր անօրենությունները պիտի թակարդեն, և նա իր մեղքի չվաններով պիտի բռնվի։ 23 Նա խրատի պակասից պիտի մեռնի և իր հիմարության շատությունից պիտի մոլորվի։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia