Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԱՌԱԿՆԵՐ 31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Պատգամ թագավորին

1 Լեմուել թագավորի խոսքերը. այն պատգամը, որով նրան խրատեց իր մայրը.

2 «Ի՞նչ ասեմ, որդի՛ս, ի՞նչ, ո՛վ իմ որովայնի որդին, ի՞նչ, ո՛վ իմ ուխտերի որդին.

3 Քո զորությունը կանանց մի՛ տուր, ոչ էլ քո ճանապարհները՝ թագավորներ տապալողներին։

4 Թագավորների համար չէ, ո՛վ Լեմուել, թագավորների համար չէ գինի խմելը, ոչ էլ օղին՝ իշխանների,

5 Որպեսզի չխմեն և չմոռանան վճիռը և ոչ մի տառապյալի դատը չայլափոխեն։

6 Օղին կորչողի՛ն տվեք և գինին՝ դառնահոգիներին.

7 Թող խմի և մոռանա իր աղքատությունը և իր թշվառությունն այլևս չհիշի։

8 Բա՛ց բերանդ համրի համար և բոլոր անօգնականների դատի համար։

9 Բա՛ց բերանդ, դատի՛ր արդարությամբ և աղքատի ու կարոտյալի դատը տե՛ս։


Առաքինի կինը

10 Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. նրա գինը գոհարներից շատ ավելի է։

11 Նրա վրա վստահ է իր ամուսնու սիրտը, և ավարի կարիք չի լինի։

12 Նա իր կյանքի բոլոր օրերին նրան բարիք կբերի և ոչ թե չարիք։

13 Նա բուրդ և քաթան կփնտրի և իր ձեռքի հոժարությամբ կգործի։

14 Նա վաճառականի նավերի նման է. նրա հացը հեռվից է բերում։

15 Նա տակավին գիշերով է վեր կենում և իր տան անդամների կերակուրն է տալիս ու իր աղախինների բաժինը։

16 Արտի մասին է մտածում և առնում այն, իր ձեռքի պտղից այգի է տնկում։

17 Իր մեջքը գոտևորում է զորությամբ և ամրապնդում է իր բազուկները։

18 Նա հասկանում է, որ իր առևտրի շահույթը լավ է. նրա ճրագը գիշերը չի հանգչում։

19 Նա իր ձեռքը մեկնում է իլիկին և իր ափով ճախարակը բռնում։

20 Նա իր ձեռքը պարզում է աղքատին և ձեռք մեկնում կարոտյալին։

21 Նա իր տնեցիների համար ձյունից չի վախենում, որովհետև ամբողջ ընտանիքը բրդյա կարմիր հանդերձներ է հագել։

22 Նա ծածկոցներ է շինում իր համար, նրա հանդերձը նուրբ գործվածք ու բեհեզ ծիրանի է։

23 Նրա ամուսինը ճանաչված է քաղաքի դարպասներում, երբ նստում է երկրի երեցների հետ։

24 Նա կտավ է գործում ու ծախում և գոտի է հանձնում վաճառականին։

25 Զորությունն ու պատիվն են նրա զգեստը, և ուրախ է հետագա օրերի համար։

26 Նա իր բերանն իմաստությամբ է բացում, և նրա լեզվի վրա բարության ուսուցում կա։

27 Նա իր տան գործերն է հսկում և ծուլության հացը չի ուտում։

28 Նրա որդիները կանգնում են և երանելի են կոչում նրան, նրա ամուսինը ևս գովաբանում է նրան.

29 “Շատ աղջիկներ են առաքինի եղել, բայց դու նրանց բոլորին էլ գերազանցեցիր”։

30 Սուտ է վայելչությունը, և ունայն՝ գեղեցկությունը. այն կինը, որ երկյուղում է Տիրոջից, կգովաբանվի։

31 Տվե՛ք նրան իր ձեռքի պտղից, և թող նրա արարքները գովեն նրան քաղաքի դարպասներում»։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ