ԱՌԱԿՆԵՐ 22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքն արծաթից ու ոսկուց ավելի լավ է։ 2 Հարուստն ու աղքատը ընդհանուր բան ունեն. Տերն է նրանց բոլորի ստեղծողը։ 3 Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, բայց միամիտներն անտեսում են ու տուժում։ 4 Խոնարհության և Տիրոջ երկյուղի վարձատրությունն են հարստությունը, պատիվն ու կյանքը։ 5 Փշեր, որոգայթներ կան նենգ մարդու ճանապարհին. իր հոգին կպահպանի նա, ով նրանցից հեռանա։ 6 Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։ 7 Հարուստը տիրում է աղքատներին, և փոխ առնողը ստրուկ է լինում փոխ տվողին։ 8 Անարդարություն ցանողը դժբախտություն կհնձի, և նրա բարկության գավազանը կկորչի։ 9 Բարյացակամ աչք ունեցողն օրհնված կլինի, որովհետև իր հացից տալիս է աղքատին։ 10 Դո՛ւրս արա ծաղրողին, ու կռիվը դուրս կգնա, և վեճն ու անարգանքը կդադարեն։ 11 Սրտի մաքրություն սիրողին, որի խոսքերը շնորհալի են, թագավորը բարեկամ է։ 12 Տիրոջ աչքերը պահում են գիտությունը, և նա ավերում է անհավատարիմի խոսքերը։ 13 Ծույլն ասում է. «Դրսում առյուծ կա. հրապարակում ինձ կսպանեն»։ 14 Շնացող կանանց բերանը խոր փոս է. ում վրա որ բարկացած է Տերը, նա այնտեղ կընկնի։ 15 Հիմարությունը կապված է երեխայի սրտին, բայց խրատի գավազանը այն կհեռացնի նրանից։ 16 Ով որ զրկում է աղքատին՝ իր հարստությունը շատացնելու համար, և ով որ հարուստին է տալիս, միայն կարիքավոր կլինի։ Երեսուն իմաստուն խոսքեր 17 Ականջդ թեքի՛ր ու լսի՛ր իմաստունների խոսքերը և սիրտդ տո՛ւր իմ գիտությանը։ 18 Որովհետև հաճելի է, եթե դրանք պահես քո հոգու խորքում, և դրանք բոլորն էլ հաստատվեն քո շրթունքների վրա։ 19 Որպեսզի դու քո վստահությունը Տիրոջ վրա դնես, հենց այսօր սովորեցրի քեզ։ 20 Չէ՞ որ երեսուն խորհուրդներով և գիտությամբ քեզ համար գրեցի, 21 Որպեսզի քեզ սովորեցնեմ ճշմարիտ խոսքերի ստուգությունը, որպեսզի քեզ հարցնողներին ճշմարիտ խոսքերով պատասխանես։ - 1 - 22 Աղքատին մի՛ կողոպտիր, որովհետև աղքատ է, և դատաստանում մի՛ տրորիր դժբախտին, 23 Քանի որ Տերն է ստանձնում նրանց դատը, և նա կկողոպտի նրանց կողոպտողների անձը։ - 2 - 24 Բարկացկոտ մարդու հետ մի՛ ընկերացիր և մի՛ գնա ցասկոտ մարդու հետ, 25 Որպեսզի հանկարծ չսովորես նրա ուղիները, և անձդ որոգայթի մեջ չընկնի։ - 3 - 26 Մի՛ եղիր այն գրավ տվողներից, որոնք պարտքի համար երաշխավոր են լինում. 27 Եթե վճարելու ոչինչ չունենաս, ինչո՞ւ անկողինդ տակիցդ հանեն։ - 4 - 28 Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։ - 5 - 29 Իր գործի մեջ հմուտ մարդու տեսե՞լ ես. նա թագավորների առաջ է կանգնելու, անշուք մարդկանց առաջ չի կանգնելու։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia