ԱՌԱԿՆԵՐ 2 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԻմաստության վարձատրությունը 1 Որդյա՛կ իմ, եթե ընդունես իմ խոսքերը և ամուր պահես իմ պատվիրանները, 2 Ականջ դնես իմաստությանը և սիրտդ խոհեմությանն ուղղես, 3 Երբ իմացությանը կանչես և ձայն տաս խոհեմությանը, 4 Եթե դու այն որոնես արծաթի պես և գանձերի նման փնտրես, 5 Այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը և կգտնես Աստծու գիտությունը։ 6 Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։ 7 Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար, 8 Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։ 9 Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղամտությունն ու ամեն բարի ուղին։ 10 Որովհետև իմաստությունը քո սիրտը կմտնի, և գիտությունն ախորժելի կլինի քո հոգուն։ 11 Խելամտությունը կպահի քեզ, խոհեմությունը կպաշտպանի քեզ, 12 Որպեսզի քեզ ազատի չար մարդու ճանապարհից և նենգություններ խոսող մարդուց, 13 Նրանցից, որոնք թողնում են ուղղամտության շավիղները, որպեսզի խավարի ճանապարհներով գնան, 14 Որոնք ուրախանում են չարություն անելով և հրճվում են չարերի նենգությամբ։ 15 Ծուռ են նրանց շավիղները, և նրանք խոտորում են իրենց ուղիների մեջ, 16 Որպեսզի քեզ ազատի շնացող կնոջից, ցոփ կնոջից, որը հրապուրիչ խոսքեր է ասում. 17 Նա, որ լքել է իր երիտասարդության կողակցին և մոռացել իր Աստծու ուխտը։ 18 Որովհետև նրա տունը դեպի մահ է տանում, իսկ նրա ուղիները՝ դեպի ուրվականները։ 19 Նրա մոտ գնացողներն այլևս ետ չեն դառնալու և կյանքի շավիղներին չեն հասնելու։ 20 Ուստի դու բարիների ճանապարհով պիտի գնաս և արդարների շավիղները պահես, 21 Որովհետև ուղղամիտները երկրի վրա կբնակվեն, և պարկեշտները կմնան նրա մեջ։ 22 Իսկ անիրավները կբնաջնջվեն երկրից, և անհավատներն արմատախիլ կլինեն նրանից։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia